Պաշտոնական հաղորդագրության համաձայն' Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա' հունիսի 14-ին մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը «Լուժնիկի» մարզադաշտում: Մոսկվա իբրև վարչապետ սա նրա առաջին այցն է: Իլհամ Ալիևը վերընտրությունից հետո պաշտոնական առաջին այցով Թուրքիա մեկնեց: Փաշինյանի Մոսկվա այցը հաստատել են և ռուսական, և հայկական կողմերը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՀՀ վարչապետի հետ: «Այո, սպասում ենք ֆուտբոլի»' ասաց Պեսկովը: Որոշ, դեռ չհաստատված տվյալներով, կլինի ոչ միայն հանդիպում, այլև' կբանակցեն: Հայաստանի վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը հայտարարել է, որ «այցի առավել մանրամասն օրակարգը կհրապարակվի համապատասխան ժամկետում»: Արտառոց ոչինչ չկա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Մոսկվան հրավեր է ուղարկել բոլոր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին: Արձագանքել են ոչ բոլորը: Մոսկվայի քաղաքապետ Ալեքսանդր Սոբյանինը ֆուտբոլի աշխարհի առաջնության քաղաքային օպերատիվ շտաբի բացման ժամանակ հայտարարեց, որ սպասում են 10 ղեկավարների: Երևանը, ինչպես նախկինում, հաստատեց իր մասնակցությունը մարզական տոնին: Կգա նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ստեղծված իրավիճակը զուգորդվում է 2009-ի սեպտեմբերի հետ, երբ Երևանի ու Անկարայի միջև հայտնի Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման նախօրեին գործադրվեց ֆուտբոլային դիվանագիտությունը: Այն ժամանակ Թուրքիան ու Հայաստանը ֆուտբոլի 2010-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի նույն խմբում էին և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մեկնեց Երևան, որից հետո սկսվեց կարճ ու ի վերջո անհաջող ջերմացման շրջան երկու հարևանների փոխհարաբերություններում: Իհարկե, պատմական զուգահեռը պայմանական է, բայց խորհրդածելու տեղիք է տալիս: ՌԴ-ն ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշում դրսևորեց ՀՀ-ում Փաշինյանի իշխանության գալուն: Հիմա վերլուծական-տեղեկատվական տարածքը հագեցած է ամենաանհավանական վարկածներով' ներառյալ «հայկական ցնցումների» պատճառների, որ նաև «սիրո հեղափոխություն» է կոչվում, դավադրության տեսությունները, երկրի հնարավոր նոր արտաքին քաղաքականությունը: Պուտինի հանդիպումը Փաշինյանի հետ Սոչիում, ՌԴ ու ՀՀ ԱԳ նախարարների բանակցությունները Մոսկվայում հաստատեցին երկու երկրների մտադրությունները' զարգացնել ու ամրապնդել ռազմավարական համագործակցությունը: Առավել ևս, որ Երևանը չգնաց ոչ Վրաստանի, ոչ ՈՒկրաինայի ճանապարհով, որտեղ գունավոր հեղափոխությունները ուղեկցվում էին աշխարհաքաղաքական փոփոխություններով: Ճիշտ է'Հայաստանում կան ուժեր, որ քննադատում են Ռուսաստանի հետ համագործակցության որոշ կողմերը: Նրանց դատողություններում ռացիոնալ հատիկ կա, որի հետ Մոսկվան պետք է հաշվի նստի:
Պուտինը պետք է նորովի վերաբերվի Փաշինյանին' ոչ իբրև «սպիտակ ագռավի», այլ' ՀԱՊԿ դաշնակցի ու ԵԱՏՄ անդամի' դադարելով հայացք նետել Աստանային, որի թիկունքից երևում է Բաքուն: Հաշվի առնելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեռ գոյություն ունեցող առճակատումը, օգտագործել նոր Հայաստանը, որ ստացել է Արևմուտքի աջակցությունը, իբրև կամուրջ արևմտյան ուղղությամբ: Ադրբեջանն ու Վրաստանը Ռուսաստանի համար այդ առումով պոկված պատառ են: Թբիլիսին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ինտեգրման կուրս է վերցրել, Ադրբեջանը շեշտը դնում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի վրա: Ուստի Պուտինի ու Փաշինյանի միջև լուրջ խոսակցություն է կայանալու: Եվ, իհարկե, նրանք չեն կարող շրջանցել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման հեռանկարները: ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետությունը համարում է կոնֆլիկտի կողմ և հանդես էր եկել Ստեփանակերտի բանակցություններին մասնակցության օգտին: Նա աչքի առաջ ունի Մերձդնեստրում, Վրաստանում, Ուկրաինայում կոնֆլիկտների կարգավորման փորձը:
Թբիլիսին հայտնի պատճառներով արդեն հաշտվել է իր տարածքում նոր հանրապետությունների առկայությանը: Ամեն ինչ ասում է, որ Կիևն էլ ստիպված կլինի ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների գործոնը, եթե հրաժարվի նրանց հետ բանակցել, որ նախատեսվում է Մինսկի համաձայնություններով: Ադրբեջանը համարյա ոչ մի կապ չունի իր նախկին շրջանի կյանքի հետ: Սակայն Բաքվի ներգրավումը Արցախի հետ բանակցություներում կարող է ազգային դիվանագիտության համար նոր հնարավորություններ բացել: Պարադոքս է, բայց փաստ, որ Ալիևը պաշտոնապես կոնֆլիկտն անվանում է «հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի»: Եթե «հայ-ադրբեջանական» է, ուրեմն Ադրբեջանը կոնֆլիկտի մեջ է ՀԱՊԿ-ի հետ: Եթե «հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի» կոնֆլիկտ է, պետք է բանակցել Ստեփանակերտի հետ: Հենց այդ բանաձևի մասին է խոսում Փաշինյանը, փաստացի նեղացնելով Երևանի էթնոքաղաքական հավակնությունները: Բայց Բաքուն ձևացնում է, թե ՀՀ վարչապետի առաջարկի մեջ իմաստ չի տեսնում, թեպետ հասկանում է, որ Արցախում քաղաքացիների նոր սերունդ է կյանք մտել, որ ուղղակի չի պատկերացնում իր կյանքը Ադրբեջանի կազմում:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար Մոսկվա է գալու և Ադրբեջանի նախագահը: Տեսականորեն կարելի է ենթադրել, որ Պուտինը կփորձի հանդիպեցնել Ալիևին ու Փաշինյանին կառուցողական կապերի հաստատման համար նրանց միջև: Իսկ ի՞նչ կլինի գործնականում:
Գուցե պատահականություն է, բայց ՀՀ նոր ղեկավարության կապերը աշխարհի հետ ստացվում են միայն հետխորհրդային տարածքի սահմաններում: Վարչապետը մեկնեց Սոչի, ԱԳ նախարարը' Մոսկվա: ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներից դուրս միայն Պնախարար Դավիթ Տոնոյանն է համարձակվել Բրյուսել մեկնել' ՆԱՏՕ-ի միջոցառմանը մասնակցելու: Ստացվում է, որ Հայաստանը շարունակում է աշխարհին նայել ռուսական պատուհանից, իսկ դա նվազեցնում է թավշե հեղափոխության ընձեռած արտաքին քաղաքական հնարավորությունները: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ոչ ռուսամետ է, ոչ արևտամետ, հանդիպումների վիճակագրությունը միանշանակ ռուսամետության օգտին է: