Նախօրեին Մոսկվայում հանդիպեցին ու բանակցեցին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները: Հանդիպմանը սևեռված էր փորձագետների ուշադրությունը: Տարբեր պատճառներով: Նախ և առաջ' որովհետև հանդիպումը առաջինն էր ՀՀ ԱԳ նախարարի համար և սկզբունքորեն սովորական թեմաներ ու խնդիրներ էին քննարկվում, բայց Երևանում իշխանափոխությունից հետո այլ կերպ էին հնչում: Շատերին հետաքրքրում էր' ինչպե՞ս է Հայաստանը կառուցելու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իր քաղաքականությունը: Որոշակի անակնկալներ կան, բայց ծնվել են ոչ Մոսկվայում: Բանակցությունների նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, կարևոր հայտարարություն արեց. «Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հաստատվել է 1994-ին ԵԱՀԿ-ի Բուդապեշտի սամմիթում: 1998-ից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են և Ղարաբաղի անունից: Ռոբերտ Քոչարյանը նախկինում Ղարաբաղի նախագահն էր, իսկ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը: Հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել բանակցությունների մանդատ, անկախ նրանից, ինչպես ենք մենք դրան վերաբերվում: Բայց ես ամբողջ ցանկությամբ հանդերձ' չեմ կարող ինձ նման իրավասություններ վերագրել: Դրա համար չկան ոչ իրավական, ոչ բարոյական հիմքեր: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի իշխանության ձևավորմանը, իր կառավարությունն ու նախագահն ունի»:

Փաստարկները, որ բանակցություններին պետք է մասնակցի ԼՂ ադրբեջանական համայնքը, Փաշինյանն անվանեց «չհիմնավորված» այն պատճառով, որ «այդ մարդիկ, մեկնելով Ադրբեջան, դարձել են նրա քաղաքացիներ»: Վարչապետի խոսքով' «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է վարում և նրանց անունից, քանի որ նրանք մասնակցել են ընտրություններին»: Իսկ Արցախի Հանրապետության քաղաքացիները ՀՀ իշխանություններին չեն ընտրել, այդ պատճառով Հայաստանի իշխանությունները չեն կարող նրանց ներկայացնել, ղարաբաղցիները պետք է «սեփական ձայնն» ունենան: Ահա և որոշարկվեց Երևանի դիրքորոշումը' ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ժամանակ խոսելու է միայն իր անունից, բայց «այդ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չմնան թղթի վրա»:

Հասկանալի է, որ Բաքվի արձագանքը բացասական էր: Ալիևը, մասնակցելով Ռամազանի իֆտարին, հայտարարեց, որ «Բաքուն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուտափույթ խաղաղ կարգավորմամբ և սպասում է Հայաստանի նոր իշխանություններից ռեալ քայլեր բանակցային գործընթացում», որ «հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է կարգավորվի միայն միջազգային իրավունքի ու սկզբունքների հիման վրա», որ «ոչ մի երկիր չի ճանաչում ու երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող «քրեական» ինքնահռչակ վարչակարգը»: Նրա խոսքով' «ինքը հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախկին իշխանության սխալները, լուրջ աշխատանք կկատարի կոնֆլիկտի շուտափույթ կարգավորման համար և ռեալ, այլ ոչ իմիտացիոն բանակցությունների մեկնարկը կտրվի»: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունը գնահատեց «իբրև ոչ կառուցողական քայլ' ուղղված բանակցային գործընթացի կաթվածահարմանը և օկուպացիայի ստատուս քվոյի պահպանմանը» և կոչ արեց Երևանին ղեկավարվել «ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի պահանջներով»: Հասկանալի է' ինչ հրահանգներ է ստացել Մնացականյանը, որ Մոսկվայում չէր կարող նահանջել: Այդ պատճառով Լավրովը համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ գործընկերոջը վստահեցրել է' «Ռուսաստանը կաջակցի հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը»:

Ինչպե՞ս' դեռ հասկանալի չէ, որովհետև ՄԽ-ն դեռ պետք է Երևանում հանդիպի նոր ղեկավարության հետ, երբ որոշարկվեն բանակցային գործընթացի հեռանկարները: Երկկողմ հարաբերությունները Մոսկվան ու Երևանը բարձր են գնահատում: «Մենք լավ բանակցություններ ենք ունեցել, կառուցողական, վստահության ու դաշնակցային հարաբերությունների ոգով, որով կապված են մեր պետությունները, ռազմավարական համագործակցության ոգով,- ընդգծել է Լավրովը,- մենք արձանագրում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում' բարձր ու բարձրագույն մակարդակում»: Նշվեցին նաև խորհրդարանական շփումների զարգացումը, առևտրատնտեսական գործակցության, էներգետիկ ծրագրերի իրականացումը, հեռուստահաղորդակցության ու բանկային ոլորտները: Այստեղ նկտանում ենք, որ Սոչիում Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դինամիկ զարգացում է ստանում:

Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ն է Մոսկվան աջակցելու: Փաստացի' և Փաշինյանը, և Ալիևը չեն ուզում իմիտացիոն բանակցություններ, բայց ի՞նչ օրակարգով: