Երեկ հանդիպեցինք մի անհասկանալի, անգամ չլսված դիսուրսի' կարգալույծ հոգևորականը վարչապետից պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը: Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների տարանջատվածությունը, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսների ընտրության ու պաշտոնավարման կարգերը, ով-ով, բայց հոգևորականը, թեկուզ նախկին, կաթողիկոսի հրաժարական պահանջելով հաստատում է, որ բնավ էլ իր առաքելությունը չի հասկացել ու հույս էլ չկա, որ կհասկանա: Մեկ կարգալույծ հոգևորականի' Խորեն վարդապետ Հովհաննիսյանի, անհասկանալի չարության, վրեժի առ հոգևոր իշխանությունը ու նույնքան անհասկանալի շողոքորթության ու քծնանքի առ աշխարհիկ իշխանությունը, պոռթկումը, սակայն, իր հետևորդներն է գտել այն մարդկանց շրջանում, որ տարված հեղափոխական ժամանակների հովերով' ուրիշների հաշվին ինքնափառաբանումը կյանքի գործ են դարձրել ու սեփական տգիտությունը փորձում են փաթաթել ուրիշների պարանոցին:

Միշտ էլ կա հավերժ հեղափոխականների մի «խմբակ», որ Ծապլվարից դուրս չի գալիս ու իրեն Փանջունի է պատկերացնում, մարդկանց' իր սպասավորներ: Նրանք ոչ միայն գաղափար չունեն, թե ումից ինչ են ուզում, նրանց չի էլ հետաքրքրում' կստանան, թե ոչ իրենց ցանկացածը: Կարևորը իրադարձությունների կենտրոնում լինելն ու ինչ-որ պահանջ ունենալն է: Իրեն հայ եկեղեցու պատմության գիտակ ներկայացնող վարդապետը, կարծես, բոլորովին տեղյակ չէ քրիստոնեության ավանդույթներին: Եվ ընդհանրապես իր անձնական վիրավորանքը «նոր և արդար Հայաստանի վերջնական հանգրվանին ու վերջնական հաղթանակին» խառնելը նվազագույնը ցինիզմ է ու դեմագոգիա: Առավելևս սրիկայություն է 1999-ի հոկտեմբերի 27-ի մասին այդպես խոսելը, որ ստիպում է հարցնել' ու՞մ 30 արծաթի դիմաց է վարդապետը Վեհափառի հրաժարական ակնկալում: Իրեն ի՞նչ են խոստացել: Սա չափազանց անվայել պատմություն է, որի մեջ Մայր Աթոռն էլ իր մեղքն ունի' Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիոկսի 19 տարվա գործունեությունն իր ամբողջ ծավալով' նպատակներով, ծրագրերով ու կատարած գործերով չի ներկայացվել հանրությանը կամ շատ քիչ ու մակերեսային է ներկայացվել' հանդիպումների, այցերի, արարողություններին մասնակցության, ուղերձների պաշտոնական հաղորդագրությունների տեսքով: Վեհափառը հրապարակային ելույթներ չի ունենում, ասուլիսներ չեն կազմակերպվում, հարցազրույցներ չի տալիս: Արդյունքում ստացվել է, որ ժողովուրդը իրականում ու խորքով չի ճանաչում իր կաթողիկոսին ու այդ վակուումը լցնում է պարապ պատմություններով ու ասեկոսեներով:

Մայր Աթոռի միաբանական ժողովը հայտարարություն է տարածել' շեշտելով, որ «մեր եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով», և «խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան»:

Քիչ է, լինում են ժամանակներ, երբ սեպը սեպով են հանում ու յուրաքանչյուրին իր տեղը պիտի ցույց տաս, որ հեղափոխության անվան տակ քաոս չսերմանվի: Հիմա յուրաքանչյուրն իրեն գործիչ է երևակայում ու պահանջներ ներկայացնելու իրավունք ճոճում: Մինչև ու՞ր: Մինչև չհասկացնես իր տեղն ու պարտականությունները չհիշեցնես:

Աբսուրդի գագաթնակետն է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման ձևավորումը ի սկզբանե: Այդ սկզբունքով անհապաղ պետք է կազմակերպել նվազագույնը մեկ տասնյակ նման շարժումներ, օրինակ' «Նոր Հայաստան, նոր մայրաքաղաք», որի անդամները նամակ կգրեն Նիկոլ Փաշինյանին ու կպահանջեն մայրաքաղաք դարձնել նրա ծննդավայրը: Գուցե զինանշանն էլ փոխվի' համապատասխան մորուքով նկարով, ու' այդպես: Ե՞րբ է կանգ առնելու այս անկապ ու անհեթեթ «հեղափոխականությունը», որի իմաստը սեփական ամբիցիաների բավարարումն է' Հայաստանից սփյուռք մասշտաբներով: Նույնիսկ աբսուրդը իր օրենքներն ունի, որոնց խախտման դեպքում վերածվում է սատանայական ստորության, թեպետ ջանում է թաքնվել Աստծո կերպարանքով: