ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (7 հունիս 2018թ.)
Ես այնպես եմ կարծում, որ ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ։ Եվ ամբողջ ստեղծագործությունն ակնդետ սպասում է, որ Աստված հայտնի իր որդիներին։
Արդարև, ստեղծագործությունն ինքը ևս մարդու հետ ակամա դատապարտության ենթարկվեց Աստծու հրամանով, որը, սակայն, այն հույսն էլ տվեց, որ ստեղծագործությունն ինքը ևս ազատագրվելու է փչացումի դատապարտությունից՝ Աստծու որդիների ազատությանն ու փառքին մասնակից դառնալու համար։ Եվ գիտենք, որ մինչև օրս ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով՝ այդ ազատագրությանը հասնելու համար։ Բայց ոչ միայն ստեղծագործությունը, այլ մենք ևս, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը։ Այս հույսով է, որ փրկվեցինք։ Արդ, երբ հուսացվածը տեսնում է, դա այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա։ Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան։
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպե՛ս պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով, և Աստված, որ քննում է սրտերը, գիտե, թե ի՛նչ է խորհում Սուրբ Հոգին, որովհետև նա Աստծու կամքի համաձայն է բարեխոսում հավատացյալների համար։
Գիտենք, որ Աստված բարու համար գործակից է լինում նրանց, ովքեր սիրում են իրեն և կանչվել են ըստ նրա ծրագրի, որովհետև Աստված սկզբից էր ճանաչում նրանց և սկզբից էլ սահմանեց, որ նրանք լինեն իր Որդու հարազատ պատկերը, որպեսզի Հիսուսը լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ։ Ում որ սկզբից սահմանել էր, նրանց նաև կանչեց, կանչվածներին նաև արդարացրեց և արդարացվածներին էլ փառավորեց։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18-30)
Ռուբեն վարդապետ Զարգարյան