ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (1 հունիս 2018թ.)
Եվ մինչ Հիսուսը մեկնում էր այդտեղից, երկու կույրեր սկսեցին գնալ նրա հետևից՝ աղաղակելով.
- Դավթի՛ Որդի, ողորմի՛ր մեզ։
Երբ Հիսուսը տուն մտավ, կույրերը մոտեցան նրան։ Հիսուսը հարցրեց նրանց.
- Հավատո՞ւմ եք, որ ես կարող եմ բժշկել ձեզ։
Նրանք ասացին.
- Այո՛, Տե՛ր։
Այն ժամանակ Հիսուսը դիպավ նրանց աչքերին և ասաց.
- Ինչպես հավատում եք, թող այդպես լինի ձեզ։
Եվ բացվեցին նրանց աչքերը։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով.
- Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա։
Իսկ նրանք ելան և Հիսուսի համբավը տարածեցին ամբողջ շրջանում։
Կույրերի մեկնելուց հետո Հիսուսի մոտ բերեցին մի համր դիվահարի։ Երբ Հիսուսը չար ոգին նրանից դուրս հանեց, համրն սկսեց խոսել։ Բոլորն էլ հիացան ու ասացին.
- Այսպիսի բան դեռ չէինք տեսել Իսրայելում։
Իսկ փարիսեցիներն ասում էին.
- Դա դևերի իշխանի միջոցով է հանում չար ոգիներին։
(Մատթեոսի ավետարան 9:27-34)