Տերը գիտի աստվածապաշտներին փրկել իրենց փորձություններից, իսկ անիրավներին պահում է դատաստանի օրվա տանջանքներին մատնելու համար, մանավանդ նրանց, ովքեր հետևում են մարմնական պղծալի ցանկություններին և արհամարհում են Աստծու տերությունը։ Այս ինքնահավան և հանդուգն սուտ ուսուցիչները չեն վախենում հոգեղեն փառավոր էակներին անարգելուց։ Մինչդեռ հրեշտակները, զորությամբ և կարողությամբ իրենցից շատ ավելի մեծ լինելով, նրանց մասին որևէ անարգալից ամբաստանություն չեն անում Տիրոջ առաջ։ Բայց այս մարդիկ իրենց չհասկացած բաներն են անարգում։ Եվ ինչպես իրենց բնազդներին հետևող անբան անասունները, որ սահմանված են որս լինելու և սպանվելու համար, այդպես էլ սրա՛նք պիտի կորչեն անասունների նման. և այդ պատիժը ուրիշներին հասցրած նրանց չարիքների հատուցումը կլինի։ Սրանք օրը ցերեկով իրենց զեխ ցանկությունները կատարելուց հաճույք են զգում: Սրանց աչքերը շնացող կանանց են փնտրում միայն և չեն հագենում մեղք գործելուց։ Այս անիծյալները թույլ մարդկանց են փնտրում խաբելու համար, և նրանց խելքն ու միտքը դրամ դիզելու վրա է։


Այս մարդիկ իմաստից զուրկ մեծ-մեծ խոսքեր բարբառելով և մարմնական անառակ ցանկություններ գրգռելով՝ մոլորեցնում են նրանց, որոնք հազիվ էին փախել ուրիշ մոլորությունների մեջ ապրող մարդկանցից։ Նրանց ազատություն են խոստանում, մինչդեռ իրենք գերի են կորստի տանող մոլությունների։ Արդարև, մարդն ինչ բանի որ ենթարկում է ինքն իրեն, նրա գերին է լինում։ Նրանք, ովքեր մեր Տիրոջն ու Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին ճանաչելով՝ աշխարհի պղծություններից մի անգամ հեռանալուց հետո վերստին են ընկնում նույն պղծությունների մեջ, նրանց վիճակը կլինի շատ ավելի վատ, քան նախկին վիճակը։ Ավելի լավ կլիներ, որ նրանք բնա՛վ ճանաչած չլինեին արդարության ճանապարհը, քան թե ճանաչելուց հետո հեռանային իրենց ավանդված սուրբ պատվիրանից։ Որքա՜ն են նրանց պատշաճում Առակաց գրքի հետևյալ ճշմարիտ առածները. «Շունն իր փսխածին է վերադառնում», իսկ մյուսը՝ «Ինչքան էլ լվանաս խոզին, դարձյալ կթավալվի տիղմի մեջ»։


(Պետրոս առաքյալի երկրորդ նամակը 2:9-22)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան