Ես՝ Պողոսս, ծառան եմ Հիսուս Քրիստոսի, որը կանչեց ինձ՝ դառնալու իր
առաքյալը և պաշտոն տվեց ինձ՝ քարոզելու Աստծու Ավետարանը։ Սուրբ գրքերում արձանագրված է, որ Աստված նախապես իր մարգարեների միջոցով խոստացավ տալ այս ավետիսը, որ վերաբերում է իր Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որը, իբրև մարդ, ծնվեց Դավթի սերնդից, բայց հայտնվեց իբրև Աստծու Որդի, երբ իր Սուրբ Հոգու զորությամբ հարություն առավ մեռելներից։ Նրա միջոցով Աստված տվեց ինձ առաքյալ լինելու շնորհը, որպեսզի Քրիստոսի անվանը հավատալու և հնազանդվելու առաջնորդեմ բոլոր ազգերին, որոնց թվում դուք էլ կանչվեցիք՝ Հիսուս Քրիստոսին պատկանելու համար։
Ողջո՜ւյն բոլորիդ, որ բնակվում եք Հռոմում, ձեզ, որոնց Աստված սիրեց և կանչեց՝ լինելու իր սուրբ ժողովուրդը։ Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեզ պարգևեն շնորհ և խաղաղություն։

 

Նախ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեր բոլորի համար, որովհետև ձեր հավատի մասին խոսվում է ամբողջ աշխարհում։ Վկա է Աստված, որին ես ծառայում եմ իմ հոգով՝ քարոզելով իր Որդու Ավետարանը, թե ինչպես անդադար հիշում եմ ձեզ և միշտ իմ աղոթքների մեջ խնդրում, որ Աստծու կամքով ինձ հաջողվի գալ ձեզ մոտ, որովհետև շատ եմ ցանկանում տեսնել ձեզ, որպեսզի ձեզ փոխանցեմ որևէ հոգևոր պարգև՝ ձեզ ամրապնդելու համար. այսինքն՝ լինելով ձեր մեջ՝ քաջալերենք միմյանց այն հավատով, որ ունենք դուք և ես։ Բայց ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, որ բազմիցս մտադրվեցի գալ ձեզ մոտ, սակայն մինչև այժմ արգելքներ եղան, որովհետև ուզում եմ ձեր մեջ վաստակ ունենալ,
ինչպես ունեմ ուրիշ ազգերի մեջ. որովհետև ինչպես պարտական զգացի ինձ թե՛ հույնի և թե՛ ոչ հույնի, թե՛ իմաստունի և թե՛ անմիտի հանդեպ, այնպես էլ
պարտական եմ զգում հոժարությամբ ավետարանելու նաև ձեզ, որ Հռոմում եք։

 

Այս ասում եմ, որովհետև ամոթ չեմ համարում Ավետարանը։ Ընդհակառակը, այն Աստծու զորությունն է, որ փրկում է ամեն հավատացողի, նախ՝ հրեայի, ապա՝ նաև ոչ հրեայի, որովհետև Ավետարանը հայտնում է, թե Աստված մարդկանց ինչպես է արդար համարում իրենց հավատով, որպեսզի հավատան, ինչպես որ գրված է. «Արդարն իր հավատով է փրկվելու»։


(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 1:1-17)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան