Հիսուս ասում է.
-Ով սիրում է ինձ, կգործադրի իմ խոսքերը. իմ Հայրն էլ կսիրի նրան, և ես ու իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ։ Իսկ ով չի սիրում ինձ, չի գործադրի իմ խոսքերը։ Իմ այս ասածները, որ լսեցիք, իմ խոսքերը չեն, այլ խոսքերն են իմ Հոր, որ ինձ ուղարկեց։ Այս բոլորն ասացի ձեզ, քանի որ տակավին ձեզ հետ եմ։ Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին իմ Հայրը կուղարկի ձեզ մոտ իմ անունով, նա ձեզ ամեն ինչ կսովորեցնի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ։
-Խաղաղություն եմ թողնում ձեզ. իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից։ Մի՛ խռովվեք և մի՛ վախեցեք։ Լսեցիք, ինչ որ ասացի ձեզ, թե՝ «Ահա գնում եմ, բայց կրկին կգամ ձեզ մոտ»։ Եթե ինձ սիրեիք, ապա ուրախ պիտի լինեիք, որ ես գնում եմ իմ Հոր մոտ, որովհետև իմ Հայրն ինձնից մեծ է։
Այս բոլորն ասացի ձեզ նախքան պատահելը, որպեսզի երբ որ պատահի, այն ժամանակ հավատաք։ Այլևս երկար չեմ խոսի ձեզ հետ, որովհետև ահա գալիս է այս աշխարհի իշխանը, որն ինձ վրա ոչ մի իշխանություն չունի։ Բայց աշխարհը պետք է գիտենա, որ ես սիրում եմ Հորը, և այդ է պատճառը, որ ես կատարում եմ այն ամենը, ինչ նա պատվիրեց ինձ. վե՛ր կացեք, գնանք այստեղից։
(Հովհաննեսի ավետարան 14:23-31)

Երբ Պենտեկոստեի օրը հասավ, բոլոր հավատացյալները միասնաբար մեկտեղված էին։ Հանկարծ սաստիկ հողմի սուլոցի նման մի ձայն հնչեց երկնքից և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին նրանք։ Հետո նրանք տեսան հրեղեն լեզուներ, որոնք տարածվելով նստեցին յուրաքանչյուրի վրա։ Բոլոր ներկաները լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ինչպես որ Հոգին խոսել էր տալիս նրանց։
Այդ օրը Երուսաղեմ քաղաքը լեցուն էր բարեպաշտ հրեաներով, որոնք եկել էին աշխարհի բոլոր երկրներից։ Երբ այս ձայնը լսվեց, մի մեծ բազմություն հավաքվեց և խռնվեց, և բոլորը անակնկալի եկան, որովհետև լսում էին, թե ինչպես նրանցից յուրաքանչյուրը խոսում է իրենց սեփական լեզվով։ Ամենքն էլ հիացմունքով և զարմանքով ասում էին միմյանց.
-Այս խոսողները բոլորն էլ գալիլեացիներ չե՞ն. ինչպե՞ս է լինում, որ նրանք մեր ծննդավայր երկրների լեզուներով են խոսում, ինչպես որ ահավասիկ լսում ենք։ Չէ՞ որ ահա մեր մեջ կան պարթևներ, մարեր, իլամացիներ, միջագետացիներ, հրեաստանցիներ, կապադովկիացիներ, պոնտացիներ, ասիացիներ, փռյուգիացիներ և պամփիլիացիներ, եգիպտացիներ, Կյուրենիայի շրջանից լիբիացիներ, Հռոմից եկած հրեաներ և հրեության դարձած նորահավատներ, կրետացիներ և արաբիացիներ։ Եվ ահա բոլորս էլ մեր խոսած լեզուներով իրենցից ենք լսում Աստծու մեծամեծ գործերի մասին։
Ապշահար և շփոթի մատնված՝ նրանք հարցնում էին միմյանց.
-Ինչպե՞ս կարելի է բացատրել սա։
Իսկ ոմանք ծաղրանքով ասում էին.
-Նոր գինուց հարբած են։

Այն ժամանակ Պետրոսը տասնմեկ առաքյալների հետ կանգնեց և բարձրաձայն դիմեց նրանց. -Ո՛վ հրեաստանցիներ և դուք բոլորդ, որ հիմա Երուսաղեմում եք գտնվում. իրականությունն իմանալու համար լսեցե՛ք, ինչ որ պիտի ասեմ։ Դուք կարծում եք, որ սրանք հարբած են. բայց այդպես չէ, որովհետև դեռ առավոտյան ժամը ինն է։ Այլ սա հենց կատարումն է Հովելի մարգարեության, որ ասում է.
«Այնուհետև, երբ վերջին օրերը գան,- ասում է Աստված,- իմ Հոգին պիտի թափեմ բոլոր մարդկանց վրա. ձեր որդիներն ու ձեր դուստրերը իմ պատգամները պիտի փոխանցեն ձեզ, ձեր երիտասարդները տեսիլներ և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։ Այն օրերին իմ Հոգին պիտի թափեմ նաև իմ ծառաների և աղախինների վրա, և նրանք ևս իմ պատգամները պիտի փոխանցեն ձեզ։ Վերը՝ երկնքում, հրաշքներ պիտի ցույց տամ, իսկ ներքևում՝ երկրի վրա՝ նշաններ. աշխարհը արյունով, կրակով և թանձր ծխով պիտի լցվի, արեգակը պիտի խավարի, և լուսինը արյան գույն պիտի ստանա, նախքան Տիրոջ մեծ և փառահեղ օրվա գալուստը։ Այն ժամանակ ով որ Տիրոջն օգնության կանչի, պիտի փրկվի»։


(Գործք Առաքելոց 2:1-21)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան