Իրանը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության առաջնաբեմում։ Իրանական ուժերը հրթիռակոծել են Գոլանի բարձրունքները՝ ստրատեգիական նշանակության սիրիական տարածք, որ տարիներ ի վեր օկուպացված է Իսրայելի կողմից։ Ի պատասխան, Իսրայելը հարվածներ է հասցրել մոտակայքում տեղակայված իրանական ուժերին եւ ենթակառուցվածքներին։ Իսրայելական աղբյուրները պնդում են, որ իրենց «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգին հաջողվել է չեզոքացնել իրանական հրթիռների ճնշող մեծամասնությունը եւ հասցվել է նվազագույն վնաս, մինչդեռ իրենց հարվածը ոչնչացրել է իրանական հիմնական ռազմական ենթակառուցվածքները, իրանցիները տվել են 23 զոհ։

Այս գործողություններն, իհարկե, սպասելի էին։ Մի կողմից անկյուն քշվող Իրանը փորձում է ակտիվանալ այնտեղ, որտեղ դեռւես կարող է։ Իսկ Սիրիան այս առումով իդեալական վայր է։ Այստեղ այնպիսի քաղաքական ու ռազմական խառնաշփոթ է, որ ձեւակերպումների ետեւից ընկնելը ավելորդություն է։ Այստեղ տեղակայված են իրանական բանակի էլիտար զորքերը եւ այստեղ ստեղծված է շատ լուրջ ռազմական ենթակառուցվածք։ Այստեղ Իրանը ունի շատ լուրջ դաշնակից ուժեր տարածաշրջանի շիաների մեջ, եւ պարտավորված է հաստատել իր հեղինակությունը։

Մյուս կողմից, թեեւ վաղուց Գոլանի բարձունքներում ռազմական գործողություններ չեն ընթացել, այս տարածքը միջազգայնորեն հանդիսանում է Սիրիայի մաս եւ իսրայելական բանակը համարվում է օկուպանտ։ Գոլանը ռազմավարական բարձրունք է Սիրիայի, Լիբանանի եւ Հորդանանի միջեւ՝ հարեւանելով նաեւ Իսրայելին, իսկ Թել Ավիվը Թեհրանին մեղադրում է Գոլանի միջոցով Լիբանանում իր զինյալներին միանալու ցամաքային միջանցք ստեղծելու փորձի մեջ։ Միաժամանակ, փաստն այն է, որ Գոլանն ըստ էության տասնամյակներ ի վեր իսրայելական վերհսկողության տակ գտնվող տարածք է, եւ նրա անմիջական հարեւանությամբ իրանական ուժերը, որոնք արդեն հրանոթային կրակի հեռավորության վրա էին, լուրջ սպառնալիք էին Իսրայելին։

Ակնհայտ է, որ Իսրայելի գործողությունները եւ Իրանի հանդեպ ճնշման ավելացումը պայմանավորված են նախօրեին Միացյալ Նահագների՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու եւ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշման հետ։ Իսրայելը Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցն է տարածաշրջանում եւ նրանք երկուսն էլ ցանկանում են Իրանին զրկել միջուկային զենքից, որն առաջին հերթին ուղղվելու հենց Իսրայելի դեմ։ Ի դեպ, ժամանակին Իսրայելը կարողացավ շատ օպերատիվ ռազմական գործողություններով ոչնչացնել Սիրիայում եւ Իրաքում միջուկային զենք ստեղծելու փորձերը։

Երկիմաստ վիճակում է հայտնվել է Ռուսաստանը, որը շատ լավ հարաբերություններ ունի թե Իրանի, թե Իսրայելի հետ։ Նեթանյահուի ներկայությունը Մոսկվայում, Հաղթանակի օրվա շքերթին՝ այն դեպքում, երբ համաշխարհային շատ առաջնորդներ մերժեցին Պուտինի հրավերը, նպատակ ուներ Կրեմլի հետ համաձայնեցնել այս հարձակումը։ Ամեն դեպքում, Մոսկվայից դեռ լուրջ ջանքեր կպահանջվեն իր այս երկու «բարեկամների» միջեւ խուսանավելու համար։

Երկու մեթոդաբանական նկատառում. լարվածության այս էսկալացիան ընդհանրապես նոր փուլ է մտցնում սիրիական հակամարտությունը։ Նախեւառաջ, արդեն պաշտոնապես ավարտվել է «Իսլամական պետության» եւ այլ ահաբեկիչների դեմ պայքարը։ Եթե առաջ այս պայքարը Սիրիայում ընթացող բազմավեկտոր պատերազմին տալիս էր միջազգային լեգիտիմություն, ապա այժմ շտապ անհրաժեշտ է նոր ռազմական գործողությունները բերել միջազգային իրավունքի դաշտ, կամ վերափոխել միջազգային իրավունքը, գտնելով պատերազմի այլ պատճառաբանություններ։ Ի դեպ, Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից նախօրեին ԱՄՆ դուրս գալը եւ Թեհրանին ուղղված մեղադրանքները միջուկային հետազոտությունները շարունակելու մեջ, կարող են հանդիսանալ նման լեգիտիմություն ձեռնարկելու փորձ, սակայն խնդիրն այն է, որ Իրանի հանդեպ գործողություններ են ձեռնարկվում նրա տարածքից դուրս, երրորդ երկրի տարածքում։

Երկրորդ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ տարբեր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, եւ այլոք, ովքեր ռազմական ներկայություն ունեն Սիրիայում կամ նրա սահմանի մոտ, պաշտոնապես արդեն կռվում են ոչ թե Սիրիայի համար, այլ իրար դեմ, բայց երրորդ երկրի տարածքում, եւ զոհերն ու ավերածություններն էլ հենց այս երկրինն են։ Եթե Սառը Պատերազմի տարիներին, կամ ավելի վաղ սիրիական հակամարտությունում երրորդ երկրների փոխադարձ պայքարը քողարկվում էր այդ երկրենի որոշ ուժերին տրվող «տեխնիկական օժանդակությամբ», ապա այժմ նման քողածածկույթի կարիք չկա՝ երկրները առանց քաշվելու միջազգային իրավունքից, կռվում են իրար դեմ։

Աղասի Ենոքյան