Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակվելը միանշանակ չէր ընկալվելու և դա նորմալ է: Առաջին՝ զգացմունքային արձագանքները անցան, հիմա կարելի է արդեն ավելի հանգիստ հասկանալ այս որոշման դրական ու բացասական կողմերը: Բացասականի մասին երևի թե ամեն ինչ ասվեց տարբեր կողմերից:

Դրական երկու շատ կարևոր բան եմ առանձնացրել.

1. Օսիպյանին կարելի է մեղադրել տարբեր բաներում, բայց ոչ կոռուպցիայի՝ «ուտելու» մեջ:

Նա ապրել ու ապրում է համեստ, հասարակ կյանքով, բավարարվել է իր պետական աշխատավարձով: Ոստիկանական համակարգի առաջին խնդիրը կոռուպցիան է ու պետք է օր առաջ դրանից մաքրել համակարգը: Մաքուր ծառայած Օսիպյանը վստահ եմ շատ լավ գիտի, թե ո՞ր վտանգավորներին հանել, կգտնի բոլոր կաշառակերներին ու օրենքով հարցերը կլուծի, կմաքրի համակարգը. այլ ելք չկա՝ այդպիսին է վարչապետի հրահանգը:

2. Օսիպյանը, այսպես ասած, դաշտային ծառայության մեջ է եղել: Նրա ծառայությունը հիմնականում եղել է ՊՊԾ ծառայողների հետ: Ընտրություններին հիմնականում հենց այս ծառայողներն են պատասխանատու դրանց օրինական ընթացքի համար՝ թե՛ ընտրատեղամասերում, թե՛ դրանցից դուրս: Ոչ մեկ ընտրությունների ընթացքի վրա այդքան ազդեցություն չունի, որքան ոստիականպետն ու այդ համակարգը: Այս մասով էլ եմ դրական գնահատում. մինչ այս այլ հրամանները բավականին գրագետ ու ճիշտ կատարած Օսիպյանը, հիմա էլ գրագետ ու ճիշտ կկատարի ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու հրամանը. այս դեպքում էլ այլ ելք չկա՝ այդպիսին է լինելու վարչապետի հրահանգը:

Բացի այդ ուզում եմ նշել, որ Օսիպյանը թե իմ, թե երկար տարիներ շատ ուրիշ <<ակտիվ>> քաղաքացիների հետ տարբեր ակցիաների ժամանակ շատ կիրթ ու նորմալ շփվել է: Իմ համար կարող եմ ասել, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան է եղել ում հետ կարողացել եմ քննարկել տարբեր հարցեր՝ ունենալով տարբեր գնահատականներ, մոտեցումներ: Բազմաթիվ անգամներ կարողացել ենք իրար հասկանալով լարված իրավիճակներից ելքեր գտնել ու ընդհանրապես իրար տեսնելուց բարևել ենք միշտ, իրար որպիսություն հարցրել՝ անկախ նրանից որ բարիկադների հակառակ կողմերում ենք եղել:

Օսիպյանը կամ նշանակված ցանկացած այլ պաշտոնյայի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է ազատել իր պաշտոնից ցանկացած պահի: Վստահ եմ, որ եթե պաշտոնյաներից որևէ մեկը չարդարացնի ժողովրդի սպասումները, վարչապետը օր առաջ նրան ազատելու որոշում կկայացնի: