Պետք է պատասխանել երկու հարցի։ Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո դեռ ինչքա՞ն կարող է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային համակրանք վայելել։ Եվ երկրորդ՝ պետությունն արտաքին ու ներքին մարտահրավերների հարցում արդյոք ունի՞ բավարար իմունիտետ դիմակայելու դրանց։

Առաջին հարցի պատասխանը զուտ քաղաքագիտական դաշտում ստանալու համար պետք է հասկանալ հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունների կոնտեքստում։ Հստակ թվեր նշել, իհարկե, չենք կարող, սակայն ուշ թե շուտ գալիս է ռեալպոլիտիկ ժամանակն, ու այստեղ արդեն հանրային աջակցությունը սկսում է մարման միտումներ արձանագրել։ Ակնկալիքները Հայաստանում իշխանություններից շատ են եղել, իսկ Փաշինյանից՝ առավել ևս։ Նա հենց ինքն է սահմանել այդ բարձր ակնկալիքներն ու ինչքան էլ կամային հատկանիշներ ունենա, այնուամենայնիվ, վաղ թե ուշ կանգնելու է ռացիոնալ քաղաքականություն իրականացնելու առաջ։ Այս դեպքում արդեն Փաշինյանի շրջապատում գտնվելու են մարդիկ, որոնք այս կամ այն չափով մերժելու են նրա որդեգրած քաղաքականությունը, այլ կերպ ասած՝ տեղի է ունենալու շրջապատի ֆիլտրացիա։ Անկեղծ ասած՝ կարծում եմ՝ Փաշինյանի համար դա որևէ դժվարություն չի ներկայացնի․ նա կարողանում է շատ հանգիստ հրաժեշտ տալ յուրայիններին։ Այդ դեպքում, սակայն, հաշվի առնելով, որ Պառլամենտում նրա գլխավորած կառավարությունը, նրա անդամներն ու պոտենցիալ դաշնակիցները միայնակ են մնում, առաջանում է պարզ տրիվիալ հարց՝ ո՞ւմ հույսին է Նիկոլ Փաշինյանը մնալու, կարողանալո՞ւ է այդ կարճ ժամանակահատվածում ստեղծել կուռ թիմ, որն իր առաջնորդի համար առճակատման կգնա ամենացավոտ հարցերում։ Դա բավականին բարդ հարց է՝ հաշվի առնելով, որ Հանրապետականն այս օրերին բավականին կուռ մնաց, չտրոհվեց, ինչպես, ասենք, ՀՀՇ-ն 1998 թվականին։

Այլ կերպ ասած՝ Հայաստանի քաղաքական կյանքը մտնում է բավականին նյարդային, դժվար ու ժամանակատար փուլ։ Արտահերթ ընտրությունների վերաբերյալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ մոտեցումներ կլինեն կառավարության ձևավորումից հետո միայն։ Կառավարություն դեռ չի ձևավորվել։ Այս պարագայում մինչ վերջնական կառավարության ձևավորվելն ու պայմանական արտահերթ խորհրդարանական ընտրությունները մնում է հուսալ միայն, որ պետական ապարատը միջին օղակների տոկոնության շնորհիվ իր վրա է վերցնելու պետության բնականոն կենսագործունեությունն ապահովելու ծանրագույն գործընթացը։ Հայաստանին դեռևս հաջողվում է դրան դիմակայել, սակայն անվերջ այս ամենն իրականցնելն իհարկե դժվար է լինելու։