Հիսուս ասում է.
-Հաստա՛տ իմացեք, ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է մագլցում, նա գող է և ավազակ. իսկ ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։ Դռնապանը դուռը բացում է նրա առաջ, և ոչխարները հետևում են նրա ձայնին։ Նա իր ոչխարներին կանչում է իրենց անունով և դուրս է տանում նրանց։ Եվ երբ իր ոչխարներին դուրս է հանում, ի՛նքն է առաջնորդում նրանց, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Օտարի չեն հետևում, ընդհակառակը, փախչում են նրանից, որովհետև չեն ճանաչում օտարների ձայնը։


-Հաստա՛տ իմացեք, որ ես եմ ոչխարների դուռը։ Բոլոր նրանք, որ ինձնից առաջ եկան, գող էին և ավազակ, բայց ոչխարները նրանց չհետևեցին։ Ե՛ս եմ դուռը. ով որ իմ միջով անցնելով ներս մտնի, կփրկվի. կմտնի ու կելնի և ճարակելու բան կգտնի։ Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և փչացնելու համար։ Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն։
(Հովհաննեսի ավետարան 10:1-10)

 

Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք։ Թե ինչպես կլինենք հետագայում, տակավին չգիտենք։ Բայց գիտենք, որ երբ Քրիստոսը հայտնվի, կլինենք նրա նման, որովհետև նրան տեսնելու ենք իր իսկության մեջ։ Ով որ այս հույսն ունի, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ Քրիստոսն ինքը մաքուր է։


Ով մեղանչում է, խախտում է Աստծու Օրենքը, որովհետև մեղքն ինքնին օրենքի խախտումն է։ Գիտեք, որ Քրիստոսն աշխարհ եկավ մեր մեղքերը ջնջելու համար, և նրա մեջ մեղք չկա։ Ով միացած է մնում Քրիստոսին, նա չի մեղանչում, իսկ ով մեղանչում է, նրան երբեք չի տեսել ու չի ճանաչել։


(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 3:2-6)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան