Հայկական թավշե հեղափոխությունն իր զարգացումներով շարունակում է մնալ միջազգային մամուլի էջերում: Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել են և թուրքական պարբերականները: «Հայաստանը ցնցած հավերժ ընդդիմադիրը․ ո՞վ է Փաշինյանը» վերնագրով հոդվածի գրել թուրքական Hürriyet-ը: Վերջին շաբաթներին թերթը պարբերաբար անդրադարձել է զանգվածային ցույցերին: «Դեռ երեք շաբաթ առաջ Ն. Փաշինյանը խորհրդարանի հետին շարքերում նստող ընդդիմադիր քաղաքական գործիչ էր: Հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը դրժել է իր խոստումը, նա հագավ զինվորական գունավորմամբ հագուստներ ու փողոց դուրս եկավ»,- գրում է թերթը և պատմում Փաշինյանի անցած քաղաքական ուղու մասին: «Ժողովուրդը նրան «հայ Չե Գևարա» է կոչում»,- գրում «Hürriyet»-ի սյունակագիրը՝ ընդգծելով, որ նա ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ է պայքարում:
Bianet-ը գրում է «Նիկոլ Փաշինյանը կսահակաշվիլիանա»: Թերթը զուգահեռներ է անցկացնում Փաշինյանի և Վրաստանի «Վարդերի հեղափոխության» առաջնորդ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու միջև:
«Anadolu»-ն «Հայաստանում իշխանությունը ցնցած Փաշինյանը» հոդվածում մանրամասն անդրառնում է համաժողովրդական շարժման ղեկավարին: «Փաշինյանը, որ նախկինում էլ էր հայտնի իր ընդդիմադիր կեցվածքով, Հայաստանում վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած գործընթացի ճարտարապետը դարձավ»: Վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները՝ գործակալությունն արձանագրում է, թե նրա՝ վարչապետ դառնալու պարագայում հայ-թուրքական հարաբերությունների հարցում փոփոխություն չի լինի:
Հայաստանյան իրադարձություններին պարբերաբար անդրադարձել են Milliyet, Cumhuriyet, Sabah, T24 պարբերականները, նաև NTV-ն, HaberTürk-ը, YeniVakit-ը, TRTHaber-ը, GazeteVatan-ը, BBC-ի, Sputnik-ի, Deutsche Welle-ի, Euronews-ի թուրքական ծառայությունները: Հայկական պարբերականներից իրադարձությունները լուսաբանել են «Ակօսը», «Ժամանակը», «Նոր «Մարմարան»:
Լեհաստանի «Газета выборча»-ն գրում է, որ հայկական ապստամբությունը Կրեմլում առանձին հույզեր չի հարուցում․ «Պուտինի մարդիկ» վստահ են, որ ոչ բարեկամական հարևաններով շրջապատված Հայաստանը կարող է դիմանալ միան Մոսկվայի տնտեսական ու ռազմական աջակցության: Պուտինը լուրջ անհանգստության պատճառ կունենա, եթե հայ ընդդիմադիրները կարողանան ոչ միայն կենտրոնացնել իշխանությունն իրենց ձեռքում, այլև ցույց տալ, որ «Մայդանը ոչ միշտ է սարսափելի»: «Политика»-ն գրում է' մի կողմից' հայ երիտասարդները հիմա ավելի շատ հավատում են Արևմուտքին, քան «մոսկովյան միրաժներին», մյուս կողմից' Հայաստանը բնավ չի պատրաստվում կապերը խզել Մոսկվայի հետ, և Մոսկվան դա հասկանում է ու հանգիստ հետևում է իրավիճակի զարգացմանը: Կշարունակի Ռուսաստանը ձեռնպահ մնալ ուժային մեթոդներից՝ դժվար է ասել, ամենայն հավանականությամբ, կշարունակի: Թեպետ եթե Փաշինյանը դառնա վարչապետ, կարող է սահմանափակել Կրեմլի հետ կապված օլիգարխների ազդեցությունը և նեղել ռուսական բիզնեսին Հայաստանում․ դա է նրանից սպասում հայ հասարակությունը:
Միջազգային մամուլը հայաստանյան իրադարձություններին անդրադառնում է իբրև սենսացիայի և անվերջ շեշտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Բոլորը նկարագրում են իրավիճակը, կանխատեսումներ անում են շատ քչերը:
Ամփոփելով նշենք, որ հետխորհրդային հանրապետություններին ընդհանրապես Արևմուտքը վերաբերվում է որոշակի վերապահումներով' համարելով Ռուսաստանի ազդեցության գոտի։ Միայն Բալթյան երկրներին, Վրաստանին ու Ուկրաինային է հաջողվել այդ կարծրատիպերից ազատվել: Հայաստանը ևս կարծրատիպերից դուրս բերելու գործը միայն դիվանագետներինը չէ: Սա լուրջ ու տևական ծրագիր պետք է լինի, որի վերջնարդյունքը ներդրումների համար գրավչություն ապահովելն է: