Մայիսի 8-ից կսկսվի Հայաստանի նորագույն պատմության մեջ իշխանության եզակի վերաբաշխումը քաղաքական ուժերի միջև, երբ քաղաքական փոքրամասնությունը կստանձնի գործադիր իշխանության պատասխանատվությունը՝ թիկունքում ունենալով ժողովրդի հուժկու ընդվզման փաստը և փողոցում տրված «մանդատը»։
Այո, իշխանությունը ստանձնող քաղաքական փոքրամասնությունն ունի ավելի պրոգրեսիվ ու ժողովրդավարական մոտեցումներ, այո ժողովրդի պոռթկումն այնքան մասշտաբային էր, որ վարակեց անհատապես գրեթե բոլորին նաև իշխանության մեջ։ Բայց արդյո՞ք այդ ամենի արդյունքում հասարակությունն արմատապես կփոխվի, կունենա՞նք մտածողության փոփոխություն ընդհանրապես։
Շատերն ասում են, որ կոտրվեցին կարծրատիպեր՝ «Մեր դեմ խաղ չկա», «Էս երկիրը երկիր չի»։ Կամ, ինչպես Նիկոլն ու իր թիմակիցներն են ասում. «Եթե մենք սխալվենք, ժողովուրդը նույն կերպ կվարվի»։ Այո, գլոբալ առումով երևի՝ ժամանակը ցույց կտա։
Համոզված եմ, որ իրական փոփոխությունը կլինի միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրն իր առօրյայում, աշխատանքային հարաբերություններում, խանութում, ծառայություններ ստանալիս հետամուտ լինի իր իրավունքներին ու շահին՝ դառնա քաղաքացի։ Դա մշակույթ է, սովորություն, կրթություն, որը մեկ օրում կամ 30 օրյա համազգային պայքարում ձեռք չի բերվում։
Միջավայրի փոփոխության համար չի կարելի մայիսի 8-ին «փակել անցյալի էջը», ասել՝ առաջ ենք գնում։ Առանց դասեր քաղելու, առանց յուրաքանչյուր ոլորտում անցած քաղաքականության ու փաստերի վերանայման, առանց ոտնահարված իրավունքները վերականգնելու չենք փոխվի ու նորը չենք դառնա։
Այսօր շատ է խոսվում հաղթանակի կապիտալիզացիայի մասին։ Գործադիրի ղեկը ստանձնելով, փոքրամասնությունը (Նիկոլի կառավարությունը) երկար ժամանակ չի կարող ապավինել ժողովրդային շարժման փաստին և փողոցում ստացած «մանդատին»։ Հնարավոր չէ ամեն օր առերեսվել առաջիկա ընտրություններին ընդառաջ մրցակից քաղաքական ուժերի հետ՝ անընդհատ փաստարկ բերել հեղափոխության հանգամանքը ու փողոցի «մանդատը»՝ հատկապես, որ այդ ընտրությունները կարող են հարաբերականորեն ուշ տեղի ունենալ։ Ընդվզման փաստն անցյալ կդառնա, իսկ փողոցի մանդատը «կմաշվի»։
Ժողովրդային շարժման իրական կապիտալիզացիան իրապես քաղաքացիական հասարակության, քաղաքացիների հասարակություն ու մշակույթի ձևավորումն է, որին հնարավոր կլինի ապավինել քաղաքական որոշումներ կայացնելիս, որն առաջիկա ընտրություններում Նիկոլի թիմի հնարավոր հաղթանակի գրավականը կարող է լինել։
Սա է Նիկոլ Փաշինյանի թիմի իրական մարտահրավերը։ Կիրառական իմաստով դժվար համատեղելի՝ բյուրոկրատիայի պատասխանատվությունը ստանձնելու հետ։
Հնչում էր. «Չենք թողնի հաղթանակը յուրացնեն»։ Մարտահրավերն ընդհանուր է։ Իրական հաղթանակը կլինի այս մարտահրավերն իրացնողներինը։ Գոյության իրավունք և հեռանկար կունենան այն քաղաքական ուժերը, որոնք կստանձնեն այս մարտահրավերը։ Իրավունքների պաշտպանությունը թիրախավորող քաղաքական գործունեությունը ապագայի քաղաքական հարթակ կուսակցությունների մուտքի թույլտվությունն է։