Որդյակնե՛ր իմ, այս բաները գրում եմ ձեզ, որպեսզի մեղքի մեջ չընկնեք։ Իսկ եթե մեկը մեղքի մեջ ընկնի, Հոր մոտ բարեխոս ունենք միակ Արդարին՝ Հիսուս Քրիստոսին։ Նա՛ է մեր մեղքերը քավող Զոհը, որ իր անձը մատուցեց մեր մեղքերը սրբելու համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի մեղքերը սրբելու համար։

 

Եթե գործադրենք Աստծու պատվիրանները, այն ժամանակ միայն կիմանանք՝ ճանաչո՞ւմ ենք նրան, թե՞ ոչ։ Ով ասում է՝ «Ես ճանաչում եմ նրան», բայց չի կատարում նրա պատվիրանները, սուտ է խոսում, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Իսկ ով կատարում է նրա խոսքը, դրանով իսկ ցույց է տալիս, որ իր մեջ իսկապես կատարյալ է սերն Աստծու հանդեպ։ Ահա այսպե՛ս կարող ենք իմանալ, որ Քրիստոսին միացած ենք մնում։ Ով ասում է, թե ինքը միացած է մնում Քրիստոսին, պետք է ապրի այնպես, ինչպես Քրիստոսն ինքը ապրեց։


(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 2:1-6)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան