Պոլսո պատրիարքարանը հրապարակայնորեն սատարել է թուրքական ԶՈւ գործողությունները քրդերի դեմ, ու տրամաբանորեն միանգամայն կանխատեսելի է, որ դրա համար այն դառնելու է հայկական Ֆեյսբուքի ուշունցների գլխավոր թիրախը։ Շատերը, այդ թվում՝ նաև ես, իներցիայով մեղադրում ենք դրանում Աթեշյանին, որովհետև արդեն վաղուց հոմանիշ են դարձել այդ երկուսը։ Իմ կարծիքով՝ սա մի շատ խորքային խնդրի առկայծում է զուտ, իսկ այդ խնդիրը մեզ մոտ կա՛մ լռելյայն է ընկալվում, կա՛մ էլ շա՜տ մակերեսային ու պրոֆանացիաներով հագեցված է մատուցում։

Այս իրավիճակը մեկնաբանելու համար ես ունեմ երեք հիմնադրութային թեզ․

1․ Թուրքիան մեր թշնամին է ու երևի ամենավտանգավոր թշնամին է

2․ Թուրքը մնում է թուրք

3․ Թուրքիայի լավ քաղաքացին վատ է մեզ համար՝ անկախ իր էթնիկ պատկանելությունից։

Առաջին երկու կետերը հասկանալու համար պարզապես պետք է նայել, թե ինչ են անում թուրքերը Սիրիայում ու ոչ միայն Սիրիայում և ոչ միայն հիմա, որովհետև նույնն էլ ժամանակին արեցին Կիպրոսում, իսկ հետո՝ Իրաքում։ Վաղն էլ կանեն Հայաստանում, եթե գտնեն, որ ռիսկերն արդարացված են ու ձեռքբերումները՝ երաշխավորված։

Թուրքիան մեր էքզիստենցիալ թշնամին է, ու դա չի փոխվելու, քանի դեռ թուրքերի մոտ չի փոխվել ռազմավարական տեսլականը։ Ցեղասպանությունը զուտ մի կոմպոնենտն է մեր գոյաբանական հակասության, դրա հետևանքներից մեկը, բայց ոչ մի դեպքում՝ պատճառը։ Մաքսիմալ հստակ ձևակերպենք իրողությունը․ քանի դեռ Թուրքիան փափագում է էքսպանսիոնիստական նկրտումներ, թուրանիզմ, կայսրության վերածնունդ, ոչ այնքան հայերը՝ որպես էթնոս, այլ Հայաստանը՝ որպես պետություն, ու հայաստանցիները՝ որպես այդ պետությունը պահող ժողովուրդ, լինելու են առաջնային խոչընդոտ, որը հնարավոր չի լուծել, այլ կարելի է միայն ոչնչացնել և վերջ։ Միակ Թուրքիան, որը գոնե տեսականորեն կարող էր ոչ թշնամի լինել մեզ համար, քեմալիստական-աշխարհիկ Թուրքիան էր, որն անկեղծորեն ու ազնվորեն կինտեգրվեր Եվրոպայի հետ, բայց այդ հեռանկարն արդեն անցյալում է ու երբեք էլ իրատեսական չի եղել՝ ըստ իս։

Այո՛, թուրքը մնում է թուրք, և բնավ պարտադիր չէ սա ընկալել որպես նսեմացուցիչ բան։ Թուրքը մնում է թուրք ասելով նկատի ունեմ, որ միշտ գերակա է համարում իր շահը և պատրաստ է անելու առավելագույն հնարավորն իր շահը պաշտպանելու համար՝ կլինի դա Սիրիայում քուրդ կոտորել, թե հայերի բնաջնջել։ Եթե պետք է անել ու կարող են անել, անելու են և թքած են ունենալու միջազգային արձագանքի վրա էլ, մնացած մարդասիրական լոլոների վրա էլ։ Այս առումով ոչինչ չի փոխվել, ու լավ կանենք՝ մեկընդմիշտ սերտենք դա։

Հիմա վերադառնանք աթեշյանիզմին։ Պատրիարքարանն իրեն պահել է այնպես, ինչպես պետք է պահեր Թուրքիայի լավ քաղաքացին, ճիշտ այնպես, ինչպես դա անում է Կարո Փայլանն այլ դրվագներում։ Ինչո՞ւ եք նեղանում Աթեշյաններից։ Ինչո՞ւ չեք նեղանում Փայլանից։ Իրականում նրանք նույնն են՝ Թուրքիայի քաղաքացի և հետևում են նույն նպատակը՝ ունենալ ավելի լավ Թուրքիա։ Պարզապես լավ Թուրքիայի տարբեր տեսլականներ ունեն, որոնք ինչ-որ կետերում կարող են համընկել, իսկ ինչ-որ կետերում էլ՝ հակասել։ Մեզ համար նրանք երկուսն էլ եթե անգամ չարիք չեն, ապա ռիսկ են, որովհետև ավելի լավ ու ավելի հզոր Թուրքիան նշանակում է ավելի մեծ ռիսկ մեր պետության համար։ Ավելի կտրուկ դնեմ հարցը․ Թուրքիայում ապրող ցանկացած լավ քաղաքացի վատ է Հայաստանի համար, ուզում է 12 պորտով մաքուր հայ լինի, ուզում է շուռ տված հայ լինի, ուզում է արտագաղթած հայաստանցի լինի։ Վատ է, որովհետև ռիսկ է։ Ռիսկ է, որովհետև Թուրքիան մեր թշնամին է ու դեռ շատ երկար է մնալու մեր գոյաբանական գլխավոր ախոյանը, ռիսկ է, որովհետև թուրքը մնալու է թուրք՝ անկախ նրանից, թե ինչքան լոյալ են Աթեշյանն ու Փայլանը։