Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի գործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը և հիմա էլ Իրանի, Ռուսաստանի հետ եռակողմ համագործակցության պայմանագիր է ստորագրում իր տարածքով ավտոմայրուղու, երկաթգծի գործարկման և հետագայում նաև միասնական էներգահամակարգ ստեղծելու համար:
Մենք ներկայումս պետք է պաշտպանության, անվտանգության խնդիրների հետ համատեղ ամեն ինչ անենք «Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը» հնարավորինս արագ գործարկելու և Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունն ի վերջո կյանքի կոչելու ուղղությամբ:
Սա շատ կարևոր խնդիր է, այլապես մենք ամբողջովին կմեկուսանանք տարածքային բեռնափոխադրումներից և տարանցիկ ուղի լինելուց: Իսկ այդ երկրների միասնական էներգահամակարգի ստեղծման դեպքում մեր էլեկտրաէներգիայի վաճառքի համար ևս լրացուցիչ խնդիրներ կառաջանան: Այդ կապակցությամբ, պետք է օգտագործենք համայն հայության ուժերը, հնարավորությունները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները, նոր հանգանակություններ կատարենք, լրջորեն նախապատրաստենք առաջիկա և հետագա ամենամյա հեռուստամարաթոնները, օգտագործենք ավանդական կուսակցությունների, Սփյուռքի ողջ ներուժը, նաև եկեղեցու և նրա թեմերի հնարավորությունները, դոնորներ փնտրենք: Սա արդեն համազգային լրջագույն խնդիր է և արագ լուծում է պահանջում…
Որպեսզի գումարները չփոշիանան, չգռփեն, նպատակային օգտագործվեն, պետք արդյունավետ մեխանիզմներ մշակել և հսկողության, համակարգման նպատակով օգտագործել սփյուռքահայ և հայաստանցի անվանի, ազնիվ գործիչների, համապատասխան մասնագետների:
Իսկ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ին Ռուսաստանում, այնպես որ մտածելու, խորհելու և գործելու շատ բան ունենք, իսկ ժամանակ՝ շատ քիչ…Այլապես Հայաստանը կդառնա Ծմակուտ գյուղը, իսկ հայ ժողովուրդը Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևի» փնթփնթան, դժգոհ, «մուննաթ», «պայքարող» Աղունը և «շալվարը վրան մի կերպ բռնող», խեղճուկրակ Սիմոնը…