Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:


25 տարի առաջ Մոնթեն, Դուշման Վարդանը, Սպիտակ Արջը ու մնացած տղերքը զենք վերցրեցին ու դրեցին հայկական բանակի հիմքը: 25 տարի առաջ զորքի մեծ մասը առաջին անգամ էր զենք վերցնում, բայց պատվով դուրս եկան առաջին այդ քննությունից, շատերը նույնիսկ մնացին այդ նորաստեղծ բանակում, որպես բանակի հիմք: 25 տարի առաջ կար խնդիր՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը, թույլ չտալ ևս մեկ ցեղասպանություն և դաստիրակել նոր զինվորներ, որոնք 25 տարի հետո պատվով կպահեն Հայաստանը: 25 տարի առաջ ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի աշխատասենյակում կախված էր Մոնթե Մելքոնյանի լուսանկարը: Մոնթեն համարվում էր Բաբայանի զինվորը, բայց 25 տարի առաջ հայը հասկացավ, որ իր փրկությունը միայն զինվորի մեջ է և երբ աշխարհի մյուս նախարարների ու պաշտոնյաների աշխատասենյակներում կախված էր տվյալ երկրների նախագահի նկարը, հայ հրամանատարը պատից կախում է իր զինվորի նկարը:


25 տարի հետո հայ զինվորները պատվով կանգնած են Հայաստանի սահմանին, մոտեցող թշնամուն պատրաստ են տեղում սատկացնել: 25 տարի հետո Արմենակ Ուրֆանյանը իր փոքր զորքով կանգնում է թշնամու ահաբեկիչների դեմ առ դեմ ու կռվում են: 25 տարի հետո մայոր Մալոյանը 7 հոգով ազատագրեց դիրքը, որտեղ 150ից ավել թշնամու զորք կար: 25 տարի անց 18 տարեկան հրետանավորը իրար հետևից խոցում էր թշնամու տանկերը: 25 տարի անց որդիները հայրերի ու պապերի ձեռքը բռնած նորից զենք էին վերցրել հանուն հայրենիքի անվտանգության:


Շնորհավոր տոնդ զինվոր՝ շարքայինից մինչև գեներալ, ծառայության մեջ և պահեստազոր:

 

Աշոտ Ասատրյան