Բառերն ունեն հոտ, երաժշտություն, հնչերանգ, պատմություն, կենսագրություն... Կյանքիդ տարբեր փուլերում նրանք կարող են շղարշվել ամենաբազմազան տրամադրություններով ու զուգորդումներով։ Ըստ տվյալ փուլում ունեցած տրամադրության՝ բառերը կարող են կամ անախորժ պատկեր հարուցել, կամ լինել ականջդ շոյող երաժշտություն։ Ու այդ ամենով կարող են տարբեր դերեր խաղալ քո կենսագրության մեջ, ընդ որում այդ դերերը կարող են հերթագայվել, փոխարինել միմյանց, երբեմն նաև՝ միաձուլվել։ Այդպիսի բազմաշերտ խմորումներով ոդիսականի փայլուն օրինակ է «Ավրորա» բառ-անունը։

 

1) Մանկությանս տարիներին դա էժան ու կոպիտ ծխախոտ էր։

 

2) Միջին դպրոցական տարիքումս այդ պրոֆան իմաստն արմատական շրջադարձով փոխարինվեց Մայն Ռիդի «Քվարտերոնուհին» վեպի նուրբ ու չքնաղ հերոսուհու՝ անհավասար սիրո պատճառով մարդկանց կողմից հալածվող ստրկուհի Ավրորայի կերպարով։ Բառն ամբողջությամբ փոխեց իր շղարշը, թեև իմ ուղեղում այդ սիրուն ու վեհ-դրամատիկ իմաստը երբեմն ճտճտում էր կարճ միացման նոպաներով, քանի որ բառի հնչումն ինքնաբերաբար առաջ էր բերում էժան ու կոպիտ ծխախոտի տուփի պատկերը, թութունի հոտը, «պադյեզդի» դեմի նստարանին նստած անթրաշ հարևաններիս հազի ձայնը։ Երկու տարբեր զուգորդումներ, որոնց միավորում է մեկ բան՝ նոստալգիան։

 

3) Բարձր դպրոցական տարիքում մեջտեղ եկավ մի բոլորովին նոր՝ պատմական-գաղափարաբանական թաղանթ՝ «Ավրորա» հածանավը։ Հեղափոխություն, Սովետ...

 

4) Լատիներեն սովորելիս նորից բախվեցի այս բառին' aurōra, նշանակությունը՝ ‘արշալույս’։ Ու բառը վերստացավ իր չքնաղ երաժշտությունը՝ հիշեցնելով Մայն Ռիդի հերոսուհուն։

 

5) Սրանից մի տաս տարի առաջ վերադարձա այդ բառին ու անվանը՝ արդեն գիտահետազոտական համատեքստում։ Պարզվում է լատիներեն aurōra ‘արշալույս’ բառը, հունարեն ἕως / αὔως, սանսկրիտ uṣás‑ և մյուս քույր բառերի հետ, ցեղակից է հայերեն «այգ» ‘առավոտ’ բառին (*au̯s-- > *aw(h)i̯o‑ > այգ): Եվ որ ամենահետաքրքիրն է, այս բոլոր ցեղակիցները միաժամանակ նաև «Արշալույսի Դիցուհու» անուններն են։ Ու ճիշտ նույն կերպ էլ մենք ունեցել ենք «Այգ» անվամբ Արշալույսի Դիցուհի, որի անունը պահպանվել է Վանի ու Մոկսի հարսանեկան երգում՝ «Էգ, բարև»:

 

6) Ապա «եկավ» Ավրորա Մարդիգանյանն ու այս անունը տեղափոխեց մեր պատմության ամենաարյունոտ էջ՝ դրան հաղորդելով հույսի ու պայքարի երանգներ։

 

7) Եվ վերջապես՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ անձնազոհ բարությամբ աշխարհը գոնե մի քիչ փոխող մարդկանց համար։
Բառ-անուն, որ այս կերպ գրեթե կես դար ամենաբազմազան երանգներով ու տրամադրություններով շաղախվել է կյանքիս կածաններին...

 


Հրաչ Մարտիրոսյան