Նկարում հայկական ինքնապաշտպանական ջոկատի մարտիկներն են Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ալագյոզ-Մազրա գյուղում 1905 թվականին' «Կրակ և սուր Կովկասում» գրքից: Իտալացի պատմաբան և դիվանագետ Լուիջի Վիլարին ճանապարհորդել է Հարավային Կովկասում 1905-ին և ականատես եղել ցարական կառավարության կողմից հրահրված հայ-թաթարական բախումներին: Այդ ճանապարհորդությունից հետո 1906 թ. Լոնդոնում անգլերեն լեզվով նա հրատարակեց «Կրակ և սուր Կովկասում» ուշագրավ գիրքը (Luigi Villari, Fire and Sword in the Caucasus), որտեղ կան արժեքավոր դիտարկումներ պատմական այդ խառնակ ժամանակաշրջանի իրադարձությունների վերաբերյալ: Գիրքը հետագայում թարգմանվեց և հրատարակվեց նաև ռուսերեն:
Վիլարիի կարծիքով, հայ-թաթարական արյունոտ ընդհարումները՝ «...դրանք սովորական ազգամիջյան բախումներ չէին, այլ ավելի լայն առումով՝ դա համընդհանուր հակամարտության մի դրվագ էր, որը ընդանում էր Ռուսական կայսրությունում. մի կողմից՝ ժամանակակից առաջադիմական գաղափարները կրողներն էին (հայերը), իսկ մյուս կողմից՝ ասիական միջնադարյան բռնատիրության կողմնակիցները (կովկասյան թաթարները)»:
Լուիջի Վիլարին մասնավորապես այսպիսի մի կարևոր դիտարկում է անում. «...թաթարների մտավորականությունը մոլի հակահայկական է և ամբողջությամբ վայելում է ցարական (ռուսական) կառավարության աջակցությունը, որն իր հերթին ընկալում է թաթարներին որպես տարածաշրջանում իրենց համար կայուն հակակշիռ՝ ազգային ազատագրական և սոցիալիստական ազատությունների գաղափարներով տոգորված հայերին հնազանդեցնելու համար»:
Ռուբեն Շուխյան