Տևական ժամանակ է, ինչ Սիրիայում բնակվող հայությունը բարդ կացության մեջ է հայտնվել երկրում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով: Հատկապես առավել դժվարին պայմանների մեջ են գտնվում հալեպահայերը, քանի որ Հալեպում ակտիվացել են զինյալները: Եվ դա էր պատճառը, որ հալեպահայությունը օգնության խնդրանքով դիմել էր Հայաստանին:

 

Հասկանալի է, որ Հայաստանը շատ մեծ ռեսուրսներ և ֆինանսական հնարավորություններ չունի, այնուամենայնիվ փորձում է իր հնարավորությունների սահմաններում ձեռք մեկնել Սիրիայի մեր հայրենակիցներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ ներկայացրել է, թե ինչպիսին է հայերի վիճակը Սիրիայում:
Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Ցավոք, Հալեպում իրավիճակը վտանգվում է: Վերջին մեկուկես ամիսներին Հալեպում զինյալների թիրախում են նաև քրիստոնեական շրջանները, ինչի հետևանքով ավերվեց Հալեպի Սրբոց Նահատակաց եեղեցին: Զինյալները պայմաններ են դնում մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք արագ հեռանան տարածքից: Խնդիրները երեք ուղղությամբ են զարգանում. հալեպահայերի մի մասը տեղափոխվում են Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս է գալիս Հալեպից, իսկ մյուս մասը շարունակում է մնալ այնտեղ»:

 

Նա տեղեկացրել է նաև, որ խուճապային և լարված իրավիճակն արդեն անցել է, քանի որ վերականգնվել է ջուրը և հոսանքը, իսկ 300 սիրիահայ եկել են Հայաստան, և իրենք, վարչապետի հանձնարարականով, հրավիրել են միջգերատեսչական ժողով' հասկանալու համար, թե որ գերատեսչությունն որ ուղղությամբ կարող է աջակցել հայրենիք վերադարձած հայերին: Սպա սփյուռքի նախարարը շեշտել է, որ քայլեր են ձեռնարկվում Հայաստան եկած սիրիահայերին բազմակողմանի օգնություն տրամդրելու ուղղությամբ:
Նշենք, որ առաջիկայում սպասվում է վարչապետի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սիրիա, որի ժամանակ նա հնարավորություն կունենա ծանոթանալու իրավիճակին: Սիրիայում կլինի նաև պատգամավորների խումբ:

 

Այս ամենով հանդերձ Սիրիահայերին օգնության հասնելու հարցում ձեռնարկվելիք գործողությունները դեռևս բավարար չեն, անհրաժեշտ են լայնամաշտաբ և ծրագրված գործողություններ, որոնց իրականացման համար Հայաստանը ցանկացած հնարավորություն պետք է օգտագործի, քանի դեռ իրավիճակը սիրահայերի համար օրհասական չի դարձել:

 

Նարեկ Պողոսյան