ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի քաղաքական լուռ երկխոսությունն ի վերջո, երկու օր առաջ հասավ մի շատ կարևոր հանգրվանի: Թեև նախագահ Սարգսյանի ելույթի ոճն ու բովանդակության սրությունը խիստ անսպասելի էր, բայց այն արդեն կայացած փաստ է ու ցույց է տալիս, որ երկու քաղաքական ուժերի միջև ընթացող անդրկուլիսային բանակցությունները մտել են փակուղի ու, Սերժ Սարգսյանը որոշել է լուծել ԲՀԿ-ի «հարցը»:


Կարելի է նաև ենթադրել, որ իշխանությունները դրանով նպատակ ունեին ներքաղաքական դաշտում ու, մասնավորապես ԲՀԿ-ի հետ հարաբերություններում որոշակի հստակություն մտցնել: Մյուս կողմից, գործընթացներն արագացնելով պարզ էր դառնում, թե որ քաղաքական ուժը կամ որ քաղաքական գործիչն ինչ տրամադրվածություն ունեն և որքանով են գործում ռադիկալ դաշտում: Այսինքն' սրանով պարզվում է' ով ով է:


Նախագահ Սարգսյանի ելույթին հայտարարությամբ պատասխանեց Գագիկ Ծառուկյանը, ով թեև երկար ժամանակ խուսափում էր արտահերթ նախագահական ընտրություններ արտահայտությունը կիրառելուց' այն գործածելով անուղղակի կերպով, բայց այս անգամ արդեն դա նշվեց' որպես կարևորագույն պահանջ:
Սակայն պետք է նկատել, որ Ծառուկյանի ելույթը ադեկվատ չէր ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցված նախագահի ելույթին ու դրա շեշտադրումներին, սակայն մեծ հաշվով, այդ առումով, այն նահանջողական բնույթի էր:


ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ազատվել է նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Բացի այդ, նրան պատկանող ընկերություններում ստուգումներ անցկացնելու հրաման է տրվել: Այսպիսով' Ծառուկյանի շուրջ գնալով օղակը սեղմվում է ու նա աստիճանաբար զրկվում է իր ունեցած լծակներից:

 

 

Դավիթ Պետրոսյան