Մի քանի օր առաջ գնացել էի գյուղ... Արդեն գրել եմ, որ պապենական տունս դատարկ էր՝ վերջինը հորեղբորս տղան մեկնեց՝ մի մեծ կողպեք դնելով թե՛ տան, թե՛ Արծվաքարի Գալստյանների օջախի վրա: Ահռելի ծանր տպավորությամբ վերադարձա... Հայրիկիս ընկերոջ հուղարկավորությունն էր, երևի մասնակցում էր 200 մարդ մի գյուղից, որ անգամ 90-ականների ամենածանր օրերին շուրջ 2000 տնտեսություն ուներ: Խոսում եմ մարդկանց հետ՝ ուրախանում են, որ այսօր չէ, վաղը գնալու են Ռուսաստան...

 

Անգամ ծանոթներիցս մեկին դեպորտ էին արել Մոսկվայից, եկավ Հայաստան, եթե չեմ սխալվում, վերցրեց կնոջ ազգանունն ու կրկին պատրաստվում է մեկնել... Մի քանի րոպե կանգնեցի գյուղի կենտրոնում՝ անգամ նախկինում այնտեղ հավաքվող պապիկները չկային, որը մահացել է, որը մեկնել է արտերկիր որդիների հետևից: Ու այս ամենի մեջ ամենավտանգավորն այն է, որ մեկնում են անհույս, լքված մարդու տրամաբանությամբ... Ու մեկնում են ոչ թե օլիգարխ դառնալու, այլ հանապազօրյա հացի տեր դառնալու հույսով...

 

Էս ինչ աղետ ա, գնում են ու գնում, գնում էին երեկ, գնում էին դրանից մեկ օր առաջ, գնում էին 90-ականներին, գնում են նաև այսօր... Ու չնայած գնալուն, էլի հարցնում ու հետաքրքրվում էին,թե սահմանին ինչ վիճակ է, անգամ գյուղից երկու ջահել, լսելով ֆրոնտում լարված վիճակի մասին, վերադարձել ու գնացել էին զինկոմիսարիատ՝ ճակատ մեկնելու խնդրանքով... Այս աստիճան հուսալքված լինել սեփական երկրից ու միևնույն ժամանակ այսքան սիրել հողն ու ջուրը... Մենակ հայն է, որ ընդունակ է այսքան երկփեղկված սիրուն...

 

 

Նարեկ Գալստյան