Երբ ընտրական գործընթացներում աղաղակող խախտումներ չկան և լավագույն ընտրություններ անցկացնելու գերխնդիրը կարծես իրականություն դառնալու մեծ հավանականություն ունի, բնականաբար այլ բան չի մնում քաղաքական ընդդիմախոսներին, քան մի քանի ոչ էական բացթողում մատնաշել, այսպիսով դրանք ընդհանրացնելով' "չոփը գերան սարքելու" սկզբունքով ազդարարել, որ ընտրությունները շեղվում են օրինական հունից: Միանշանակ է, որ ցանկության դեպքում անգամ Ֆրանսիայի նախագահի ընտրություններում կարելի է այդ կարգի թերություններ վերհանել: Բայց տվյալ դեպքում, երևի, պետք է շարժվել հակառակ տրամաբանությամբ:
Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են "հինգամյակը երեք տարում" կամ "պլանը կատարենք 120 տոկոսով" սովետական անորակ լոզունգներով: Հարգելիներս, ինչի կամ ում համար է պետք Նախագահի թեկնածուի քարոզարշավի շրջանակներում առանց այն էլ լեփ-լեցուն դահլիճ կամ բացօթյա հանդիպման հավաքատեղի բերել ուսանողներ և ուսուցիչներ: Սա ոչ այլ ինչ, քան արջի ծառայություն, հնարավոր չէ անվանել:
Ինչ խոսք նման դրսևորումները համատարած չեն և չենք կարող խոսել ինչ-որ տենդենցի կամ կազմակերպված հրահանգի մասին: Բայց եթե նույնիսկ դրանք մեկ-երկուսն են, միևնույն է բոլորովին չեն նպաստում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի առանց այն էլ բավականին բարձր էլեկտորալ վարկանիշի աճին: Ակնհայտ է, որ ամենաշատը հենց նա նման "ծառայությունների" կարիք չունի: