ԶԻՆՅԱԼ ՊԱՅՔԱՐԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ
ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Արա-Ալեքսանդր Ենիգոմշույան

- Մինչ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի շարքերը համալրելը ինչով էիք զբաղված:
- Ծնվել եմ Լիբանանում, Բեյրութում: Այնտեղ է անցել պատանեկությունս: Եվ շատ հայ երիտասարդների նման կրթություն եմ ստացել հայկական վարժարանում, հետո ուսումս շարունակել եմ Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Ուսմանս զուգահեռ տնտեսագիտական որոշ աշխատանքներ էի անում և այդ ընթացքում նաև անդամակցում էի ԱՍԱԼԱ-ին:
Արդեն 1980-ին, ինչպես ԱՍԱԼԱ-ի բոլոր տղաները, այնպես էլ ես, մտովի նրա գաղափարներով էինք տարված: Միշտ ելքեր էինք փնտրում հայրենասիրական մեր մտածումներն ու մեր պայքարի գաղափարը իրականացնելու համար:
- ԱՍԱԼԱ-ի բացահայտված առաջին ազատամարտիկը Դուք եղաք:
- Մինչ իմ գործողությունը, բացահայտված դեմքեր չեն եղել, որը նպաստել է մտածված քարոզչության գործընթացին: Ինձանով պատռվեց առաջին դիմակը, դուրս եկավ իրական դեմքը: Շատերի համար անակնկալ էր իմ մասնակցությունը, ցնցող իմ հայտնությունը:
- 1980-ի հոկտեմբերի 3-ին Ձեր կողքին Սյուզի Մահսերեճյանն էր (ԱՍԱԼԱ-ի միակ բացահայտված կինը), արդյոք դժվար չէր մահապարտ հայուհու հետ գնալ դեպի Ժնևյան գործողությունը:
- Երբ ռումբը պայթեց, Սյուզին ոչ միայն բացահայտվեց, այլ վնասվեց և բանտարկության ենթարկվեց: Այնպես չէր, որ մահապարտության գնալու քայլ էր դա (իսկական առումով եմ դա ասում): Եթե ընդհանուր սկզբունքի մասին խոսենք, ես ընդունում եմ, որ կինը հայ կինը, ունի իր հատուկ առաքելությունը ընտանիք ունենալ, երեխաներ դաստիարակել ու խնամել: Չեմ ասում, որ տղամարդը չպետք է մասնակցի այդ բաներին, սակայն բնությունը այդ առաքելությունը տվել է կնոջը: Հավասարության գաղափարին համամիտ եմ, բայց յուրաքանչյուրն իր տեղն ունի, և նորից գալիս եմ այն մտքին, որ հայ կինը, հայ աղջիկը (լինի դա այն ժամանակ մեր զինյալ պայքարում, թե այսօր) մեր հասարակական կյանքում, իր տեղն ու դիրքն ունի և պետք է ունենա: Հարգելով հայ կնոջը նրան չպետք է զրկել մեր ազգային հարցերում մասնակցության հնարավորությունից:
- Պատմեցեք վիրավորվելուց հետո և դատավարության ընթացքում տեղի ունեցած հիշարժան դեպքերի մասին:

- Հիվանդանոցում, որտեղ ինձ օգնություն ցույց տվեցին, իմ վիճակով դեպքը բացառիկ էր. ոստիկանները, ամբողջ օրը զինված, հսկում էին իմ սենյակը, անընդհատ քննիչներն էին գնում-գալիս: Նրանց ներկայությունը անհանգստացնում էր բժիշկներին: Այդ ժամանակ հարկաբաժնի պատասխանատուն ասել էր, որ ինքը դիմում կգրի, եթե ինձ այդտեղից չտանեն: Այդպես էլ արեցին:
Դատավարությունը շուտ նշանակվեց: Իմ և Սյուզիի դատավարությունը միևնույն նիստում պիտի կայանար, սակայն աչքս պիտի վիրահատեին, և դա զուգադիպեց դատավարության օրվա հետ: Իմը հետաձգվեց, Սյուզիինը կայացավ: Իմ դատավարությունը տևեց մեկ օր առավոտից մինչ երեկո: Այդքան կարճ, որովհետև հետաքննությունն ավարտվել էր, եղել էին վկաների ցուցմունքներն ու դատապաշտպանի խոսքը: Դատախազի մեղադրողի (որը Ժնևի կանտոնի (շրջանի) գլխավոր դատախազն էր) մեղադրական և իմ պաշտպանական խոսքը մեկ օր տևեց: Երեկոյան վճիռն արձակվեց: Դատավարությանը ներկա էին Ֆրանսիայից եկած մեր համակիրները, ովքեր ոգևորում էին իրենց ներկայությամբ, և հնչած որևէ դիպուկ խոսքին ծափերով էին արտահայտվում կամ ՙբրավո՚ կանչում: Դատավորը սպառնաց կրկնելու դեպքում նրանց դահլիճից դուրս հրավիրել:
- Ինչպես եկաք Հայաստան:
- Երբ ազատվեցի, Հայաստանը Խորհրդային Միության մասն էր կազմում և իմ մտքով չէր անցնում, որ այն այդքան շուտ կփլուզվեր և նրա մաս կազմող հանրապետությունները ձեռք կբերեին անկախություն: Որպես սփյուռքահայ Արևմտահայաստանից սերած մենք պայքարում էինք Արևմտյան Հայաստանի հողերի վերադարձի համար: Չնայած մեզ համար հայրենիքը, ազգը մեկ է, բայց զուտ քաղաքական պատմական իրականությունն այն էր, որ կար Խորհրդային Հայաստան և ցեղասպանության հետևանքով հայաթափ եղած պատմական բռնագրավված հողեր: Երբ Արցախյան շարժումը սկսվեց, բոլորի ուշադրությունը, բնականաբար, դարձավ Արևելյան Հայաստանի կողմը: Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, ունեցանք ազատագրական պայքար հաղթանակ: Բոլորի ուշադրությունն այստեղ էր, ցանկությունն էլ Հայաստան գալ. ապրել և համեստ մասնակցություն բերել հայրենիքի զարգացմանը: Որոշ պատճառներով, անկախությունից անմիջապես հետո իմ գալն այստեղ հնարավոր չէր: Եվ երբ ստեղծվեց այդ հնարավորությունը, ես եկա: Արդեն տասը տարի է, ինչ Լիբանանից տեղափոխվել եմ Հայաստան:
- ԱՍԱԼԱ-ի 30-ամյա կարգախոսը ՙԶինյալ պայքարը և քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի՚, հնարավոր է, այսօր որոշ փոփոխությունների ենթարկվի:
- Դա 25-30 տարվա կարգախոս է: Այն ժամանակվա համար դա ճիշտ էր: Այսօր ոչ թե սխալ կարգախոս է, այլ այստեղ երկու կետի վրա է շեշտ դրված. զինյալ պայքարն ինքնանպատակ լինել չի կարող, այն նախ նպատակի գաղափարախոսության, ապա քաղաքական ուղեգծի ռազմավարության կցորդ է: Մեր նպատակները (ազգային իմաստով) նաև քաղաքական նպատակներ են: Քաղաքական գծի ճշտությունը անհրաժեշտություն է: Զինյալ պայքարը ժամանակի պահանջն էր և այն նոր ընթացք առավ Հայաստանի անկախացումով: Բնական է, որ նախկինը նույն ձևով չէր կարող շարունակվել, ես կարծում եմ կարիք չկա պատճառներն ասելու: Պայքարի նախկին ձևն այսօր իմաստ չունի, բայց վաղը կրկին կարող է ունենալ: Ինչու չունի, որովհետև նախ Հայոց հարցը այն ժամանակ բևեռացված էր Արևմտյան Հայաստանի համար մղվող պայքարի ուղղությամբ: Թուրքական պետության ներկայացուցիչների և նրա խորհրդանիշների դեմ էր մեր զինյալ պայքարը: Երկրորդ մեր պայքարը միջազգային քաղաքական դրվածքի պատճառով չէր կարող վտանգ ներկայացնել այն փոքր հողակտորի համար, որը հանդիսանում էր Խորհրդային Հայաստանը, քանի որ ԽՍՀՄ-ի մասն էր կազմում: Այսինքն ոչ ոք չէր կարող Հայաստանին սպառնալ:
Այսօր երկու հիմնական բան է փոխվել. Հայաստանի անկախացումով նախ մեր ազգային իղձերի կենտրոնը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, սակայն դա չի նշանակում, որ մենք մոռացել ենք Արևմտյան Հայաստանը: Մեր պայքարը այդ հողերի վերադարձի համար է: Այսօր մենք ունենք պետություն և պետք է այն ամրացնենք, հզորացնենք, սա ինքնին նպատակ է, սակայն նաև միջոց է մեր վաղվա իղձերը իրականացնելու: Այսինքն մենք վաղը կկարողանանք Արևմտյան Հայաստանի համար ավելի ստույգ քայլերի գնալ, եթե մեր այսօրվա Հայաստանը հզոր լինի: Այսօրվա Հայաստանի հզորացումը նաև մեր 30 տարի առաջ սկսած պայքարի հանգրվանն է, նաև ձևը: Պայքարի բևեռը կենտրոնը, մի քիչ տեղափոխվել է: Եթե Սփյուռքում զինյալ գործողություններ արվեն Թուրքիայի դեմ, դա նրա համար պատրվակ կլինի Հայաստանի դեմ ճնշումներ գործադրելու: Յուրաքանչյուր խելամիտ և բանական հայ մարդ այդ քայլին չի դիմի, եթե վստահ չլինի, որ դա Հայաստանին վնաս չի պատճառի: Երրորդն էլ այն է, որ զինյալ պայքարը Թուրքիայի դեմ դադարեց, բայց մենք ունեցանք մեկ այլ զինյալ պայքար Արցախյան ազատամարտ, որը հասավ լիակատար հաջողության: Եվ սա ցույց է տալիս, որ ամեն պայքար ունի իր պահանջները և այդպես էլ կշարունակվի ապագայում:
- Ցեղասպանության մերօրյա միջազգային արձագանքներից ելնելով ինչ եք կարծում, Թուրքիան կընդունի պատմական ճշմարտությունը:
- Մեզ համար ցեղասպանության ճանաչումը ոչ մի ժամանակ ինքնանպատակ չի եղել: Այո, հնարավոր է, որ կան մարդիկ (ես նրանց չեմ այպանում) Սփյուռքում և Հայաստանում, որոնց համար Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը նպատակ է: Մեզ համար այդպես չի եղել, մենք պայքարել ենք հողի ազատության և ժողովրդի այդ հողի վրա վերադառնալու իրավունքի համար: Եվ մեր մտքից այդ գաղափարը դուրս չի եկել: Նախ' դա հանգրվանային քայլ է և երկրորդ ես կարծում և հավատում եմ, որ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության լավագույն երաշխիքներից մեկը կարող է լինել: Քանի դեռ Թուրքիան չի ընդունել անցյալում իր կատարածը, նշանակում է, որ ոչ մի երաշխիք չունենք, թե ապագայում վատ մտադրություն չի ունենա մեր նկատմամբ: Հետևաբար, եթե Թուրքիան ուզում է լավ հարաբերություն Հայաստանի հետ, և քանի որ արևմտյան երկրներն էլ մեզ ասում են մի սևեռվեք անցյալի վրա, մոռացեք, խնդրեմ, թող Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, դրանից հետո մենք կմտածենք: Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական խնդիր է մեր ազգի և ժողովրդի համար, այլև' Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության երաշխիք:
- Դուք հայրենիքին տվել եք մարդու համար ամենաթանկը աչքի լույսը, սակայն Ձեր հոգու լույսը ճառագում է դեպի Արարատը:
- Չէի ասի, որ տվել եմ ամենաթանկը: Ամենաթանկը մարդու կյանքն է: Եվ այնքան մեծ թվով մարդիկ, տղաներ (մեր ժամանակ և հատկապես Արցախյան ազատամարտում) իրենց կյանքը տվեցին: Աչքի լույսն էլ քիչ չէ, բայց ես ինչպես իմ դատավարության ժամանակ եմ ասել, և դա լոկ խոսք չի եղել, ես չեմ զղջացել իմ արածի համար, և հիմա էլ չեմ զղջում: Չգիտակցելու պարագայում կարող ես զղջալ, ափսոսալ: Զղջալ. մտքովս էլ չի անցում: Եթե քո մեջ կա Արարատի հավատը, մեր հայրենիքի ու ազգի շարունակական լինելիության հանդեպ ունեցած հավատը, և այդ լինելիության պայքարում մեր աշխատանքի լուման բերելը, դա արդեն քո կորցրածը ավելիով լրացնում է: Եթե մարդն իր մեջ հոգևոր արժեքներ ունի, դա լույս է: Եվ մեզ համար հոգևոր արժեքներից ամենաբարձր տեղում կամ գոնե տեղերից մեկում մեր հայրենիքն է, ազգի նկատմամբ ունեցած հավատը, սերն ու հավատարմությունը:
- Ինչ է գրիչը Ձեզ համար:
- Ինձ համար գրիչը զենք է: Գլխավոր, ամենակարևոր գործիքն է և ուզում եմ նորից շեշտել, որ զենքն ինքնանպատակ չէ, այն ինչ-որ հատուկ նպատակի է ծառայում, երբ խոսքը ազատամարտի մասին է: Գրիչն էլ այդ գործիքներից մեկն է, մտավոր զենք է մարդկանց գիտակցության, խոստումների, քարոզչության, համոզելու, տեսակետ հայտնելու միջոց:
- Հայոց բանակը համալրող երիտասարդին էլ ավելի հայրենասեր դարձնելու համար ինչ է հարկավոր:
- Նախ դաստիարակություն է հարկավոր (լայն իմաստով), առաջին հերթին հայրենասիրական, բայց հայրենասիրականը միայն գաղափար չպիտի լինի: Հայրենիքը նաև նյութ է, երբեք մի անկյուն: Այսօր հայրենասիրությունը ամեն մարդ առաջին հերթին պատանին, երիտասարդը, պիտի շոշափի: Հայրենասիրությունը վեհ գաղափար է: Հայ երիտասարդը, պատանին պետք է զգա, որ դա իսկապես արժեք է: Երկիրը ղեկավարելու, նրա խնդիրները լուծելու գործընթացում պետք է երևա այդ ամենը մաքուրը, բարոյականը: Միաժամանակ պետք է լինի հոգևոր դաստիարակություն, առաջին հերթին' հայրենասիրական, երկրորդ հերթին' մարդկային բարոյական արժեքներ, որոնք չենք կարող անջատել հայրենասիրությունից: Հայրենասիրությունն առանց դրանց չի լինի: Նա մի կողմից դաստիարակություն, մյուս կողմից իրական կյանքում, այնպիսի օրինակներ պիտի տեսնի, որ ասի այ, սա այն է, ինչ-որ ինձ ասվում է, իրականությունից կտրված չէ:
- Ինչու կազմակերպությունը կոչվեց ՙՈւխտ Արարատի՚:
- Արարատը առանց ՙարևմտա՚ և ՙարևելա՚ բաժանումների, ամբողջ հայության խորհրդանիշն է եղել և է: Այսօր գերեվարված է և մենք, Արարատին ուխտ անելով և, ընդհանրապես, մեր ազգին, հայրենիքին ուխտ ենք արել, որ մեր բռնագրավված հողերը չենք մոռանա: Եվ նրա Արարատի հանդեպ խոստում ուխտ ենք արել:
- Ինչ կպատմի Արա-Ալեքսանդր Ենիգոմշույանը ՙՈւխտ Արարատի՚-ի այսօրվա և հետագա ծրագրերի մասին:
- ՙՈւխտ Արարատի՚-ն հասարակական կազմակերպություն է և ոչ քաղաքական, որտեղ հավաքված են ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներն ու ազատամարտիկները: Կազմակերպության գաղափարները մեզ տոգորել են դեռևս 20-30 տարի առաջ: Ամուր պահելով' շարունակում ենք ապրել դրանցով: Հստակ ասենք, որ փոխվել են պայմանները և ոչ թե գաղափարներն ու նպատակները: Փոխվել է միայն գործելաձևը:
Ընդհանուր գաղափարը' մղիչ ուժը, մնում է նույնը, պետք է դա շարունակել, փոխանցել նոր սերնդին և անմար պահել: Սա է ՙՈւխտ Արարատի՚-ի հիմնական առաքելությունը:

 

Կից նյութն՝ այստեղ: