Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Թանկագի՛ն կանայք, սիրելի՜ աղջիկներ,
Շնորհավորում եմ գարնանային այս ծաղկաբույր տոնի՝ մարտի 8-ի առթիվ:

Բնությունից օժտված լինելով նրբությամբ, գեղեցկությամբ և քնքշությամբ՝ կանայք, միևնույն ժամանակ, իրենց ընտանիքների հենասյունն են, ապագա սերունդների կրթողն ու դաստիարակողը՝ այդպիսով նպաստելով հասարակության ու պետության հիմքերի ամրացմանը։

Սրտաբուխ երախտիքով ցանկանում եմ շնորհավորել այն մայրերին, որոնց որդիներն այժմ գտնվում են զինվորական ծառայության մեջ։ Առանձնահատուկ ցանկանում եմ նշել կանանց, ովքեր անձամբ կանգնած են մեր երկրի պաշտպանության գործի կիզակետում։ Խոնարհումս որդեկորույս մայրերին, ովքեր իրենց զավակին են զոհել հանուն հայրենիքի. ձեր տոկունությունն ու ուժն են, որ մեզ ստիպում են աշխատել ու արարել, անմնացորդ սիրով ծառայել հայրենիքին:

Հարգելի՛ կանայք ու աղջիկներ, այս օրը մեզնում ավանդաբար կապվում է ջերմ ու գեղեցիկ զգացողությունների, սեր և գորովանք տարածելու հետ, սակայն, առաջին հերթին, այսօր կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, և այս ուղղությամբ մենք դեռ շատ անելիք ունենք: Ամեն օր կանայք և աղջիկները ուժեղացնում են մեր համայնքը, մեր երկիրն ու մեր աշխարհը, և այս տոնը ևս մեկ հիանալի առիթ է՝ կարծրատիպեր կոտրելու, մտածողություն փոխելու համար, որպեսզի բոլոր կանայք և աղջիկները կարողանան բացահայտել իրենց ողջ ներուժը:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, սիրելի՛ կանայք՝ մաղթելով անսահման սեր, հմայք և ուժ»: