Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

Որքա՞ն ժամանակ է պահանջվել «Ադրբեջանի և ՌԴ-ի միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի» 43 դրույթները մշակելու և համաձայնեցնելու համար։
Իմ համոզմամբ, այդ գործընթացը տևել է առնվազն երկու-երեք տասնամյակ, բայց այն թափ է հավաքել և առավել հստակ ուրվագծեր ձեռքբերել հատկապես այն պահից ի վեր, երբ ՌԴ-ն սկսեց մեծ ծավալներով զենք ու զինամթերք վաճառել Ադրբեջանին (մոտավորապես 2005-2007 թթ.)։ Վերջին տասնամյակներին Թուրքիայի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև՝ Արևմուտքի մասնակցությամբ ու «քավորությամբ», կատարվել է ետնաբեմային առևտուր, բնականաբար, հայոց շահերի հաշվին։ Այդ ամբողջ ընթացքում ՀՀ ղեկավարությունը ոչ կարողացել է որևէ կերպ կասեցնել Հայաստանը դեպի պարտություն ու ստրկություն գլորող միջազգային «դիվանագիտությունը», ոչ էլ երկիրը հավուր պատշաճի պատրաստել է ինքնապաշտպանության։
Իսկ այժմ ՀՀ-ն ՌԴ-ի համար դարձել է մի սովորական մանրադրամ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր այսրոպեական խնդիրները սպասարկելու համար։ Իզուր չէին հայերին գիշեր-ցերեկ վատաբանում ռուսաստանցի ծախու մի շարք «վերլուծաբանները»։ Բայց այս «դաշինքներն» ու «դաշնակցությունները» բոլորն էլ շինծու են և հերթով փշրվելու են, ընդ որում՝ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում։ Հարցը միայն այն է, թե ում գլխին են դրանք փշրվելու։ Առայժմ, կարծես, առաջին շարքում կանգնածը հենց Հայաստանն է...
ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ