ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել կառավարության՝ մարտի 11-ի նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն ստացած օրենսդրական նախաձեռնությունների մասին։
«Փաստորեն, ըստ կառավարության, ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ է հայրենանվեր, արհեստավարժ աշխատանքը, կրթությունն ու գիտությունը։
Կառավարությունը մարտի 11-ի նիստում չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն է տվել (հակասահմանադրական) օրենսդրական նախաձեռնությունների։
Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։
Արհեստավարժ և նվիրված աշխատանքը Կառավարության համար անընդունելի է։ Երևի, ըստ նրանց, պետք է գործ չանել և լինել մասնագիտորեն չկայացած, որպեսզի Կառավարության աչքին «լավը» լինես։
Վերացվում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքը՝
«Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից»-«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենք, Հոդված 8,5:
Կառավարությունը որոշել է հարվածել նաև գիտնականներին ու գիտությանը։
Վերացվում է գիտության և գիտատեխնիկական գործունեության զարգացման օրենսդրական երաշխիքը՝
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ»- «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, Հոդված 23,2:
Կառավարությունը նպատակադրվել է հարվածել նաև ուսուցիչներին ու կրթությանը։
Վերացվում է կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքը՝
«Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը' նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»-«Կրթության մասին» ՀՀ օրենք, Հոդված 46,2:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ այս նախաձեռնությունները հակասահմանադրական, հակապետական, հակաազգային են, և եթե կառավարությունն իր կցորդ «Իմ քայլը» խմբակցությամբ անցկացնի այս օրենսդրական նախաձեռնությունները, ապա այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա»։