«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ բանակցությունների ողջ ընթացքում բոլոր հնարավոր լուծումներով ենթադրվում էր 5+2 շրջանների փոխանցում Ադրբեջանին։
Եթե դա այդպես էր, ապա ինչու՞ էին միլիոնավոր դոլարներ ծախսվում Կովսականի (Զանգիլան), հարակից գյուղերի, Սանասարի (Կուբաթլու) վրա, նոր քաղաք էր կառուցվում Արաքս գետի վրա (Արաքսավան), ահռելի ծախսեր էին կատարվում Մեխակավանի (Ջաբրայիլ) վրա և այլն։
Ստացվում է, որ մեր քաղաքացու հարկերը և սփյուռքից եկող գումարները ծախսվում էին մի տարածքի վրա, որը նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին։ Այսինքն, մենք այնքան հարուստ էինք, որ նրանց համար քաղաքներ ու գյուղեր էինք կառուցում։
Ավելին, մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային պորտֆելներ են տրամադրվել Քաշաթաղի (Լաչին) և Քարվաճառի (Քելբաջար) շրջաններում գործարարություն իրականացնելու համար (հիմնականում՝ ՀԷԿ-եր)։
Արդյո՞ք իմաստ կար պետության երաշխիքով բանկերից ահռելի վարկեր վերցնել, եթե դրանք միևնույն է՝ պետք է փոխանցվեին Ադրբեջանին։
Ի՞նչ նպատակով են իրականացվել այս բոլոր ծախսերը, եթե դրան զուգահեռ բանակցություններ էին գնում 5+2 շրջանները հանձնելու վերաբերյալ»։