12:28
«Մենք անկազմակերպ հանրույթ ենք, եթե մեղավոր փնտրենք՝ երկրի ղեկավարներն են, քանի որ ամեն հաջորդը նախորդից ավելի վատն է լինում». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Իմ աղջիկը առաջին դասարան է, բայց դեռ չգիտի, որ երկրաշարժի ժամանակ պետք է շինությունից շատ արագ դուրս գա, եթե ելքը մոտ է, եթե ոչ՝ մտնի սեղանի տակ, եթե սեղան չկա՝ կանգնի շենքի հիմնային սյուների մոտ (տակ):

Ավելին, ինքը չգիտի, թե ինչ է երկրաշարժը:

Այո՛, իր չիմացությունը առաջին հերթին իմ թերացումն է: Իսկ պետության տեսանկյունից՝ համակարգի ձախողման հետևանք է իր չիմացությունը: Ճապոնիայում մանկապարտեզից գիտեն, քանի որ համակարգն է սովորեցնում:

Ինքն իր տարիքի համեմատ շատ բան գիտի, իրոք շատ, որովհետև շատ եմ պատմում: Բայց այս մեկը անընդհատ թողել էի հետոյի համար: Ինքը այնպիսի բաներ գիտի, որ մինչև իր առաջին հարց տալը ես էլ չգիտեի: Ինքը հարցնում է, եթե չգիտեմ, սովորում եմ, նոր պատմում իրեն, հիմարություններ չեմ ասում ու չեմ խաբում:

Մեր պետական համակարգը մեզ շարունակաբար հիմարություններ է մատուցում, խաբում է, մոլորեցնում, իսկ հիմնականում անտեսում:

Մենք անկազմակերպ հանրույթ ենք, եթե մեղավոր փնտրենք՝ երկրի ղեկավարներն են, քանի որ ամեն հաջորդը նախորդից ավելի վատն է լինում: Սակայն ինչ եմ ասում, մենք ենք սրանց ընտրում, ուրեմն խնդիրը մեր մեջ է:

Ուժը համակարգի և կազմակերպվածության մեջ է, որն էլ գիտելիքը գործիք է սարքում՝ մարդու կյանքն ավելի ապահով և բարեկեցիկ դարձնում»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս