Ներկա իշխանության ԱԺ փոխխոսնակն ու նախկին իշխանության կարկառուն պատգամավորը (2018-ի իշխանափոխությունից առաջ) ձայն ձայնի տված «փոխանցումներով» փորձում են «հուժկու հարված հասցնել» Լուսավոր Հայաստանին, առաջինը թե՝ «երկու տարի օգնեցինք, չաճեցիք», երկրորդն էլ թե՝ «հիշում ենք սիրավեպը ու պահանջում», ներողություն՝ «հուզվում»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամվոր Աննա Կոստանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Չէի ուզում, բայց դե ստիպված եմ (նախկինի ու ներկայի ոճով)»:

Նա նաեւ ընդգծել է. «Թարմացնենք հիշողություններդ պարզ ու անհերքելի իրողությամբ․ նախկինները նորերին ավանդեցին մոտ երեք տասնամյակ քանդուքարափ արված պետություն, նորերն էլ քանդուքարափը վերածեցին ավերակների՝ ընդամենը երկուսուկես տարում։ Մեր առաջարակած պարիտետային հանձնաժողովը ջրի երես կարող էր հանել այնպիսի փաստեր, որոնք գուցե ձեռնտու չլինեին ոչ նախկիններին, ոչ էլ ներկաներին։

Այսօր Լուսավոր Հայաստանի դեմ սկսված արշավն արդյո՞ք զուգադիպություն է, չեմ կարծում, տեղ ունե՞նք կասկածելու, որ կրկին պայմանավորված ու փոխանցումներով հակաքարոզի սկիզբ է դրվում, իհարկե կարող ենք։

Մենք էլ ենք հիշում ամեն բան, ավելին, քան պատկերացնում եք, ուղղակի ի տարբերություն նախկին ու ներկա իշխանության, մենք ոչ միայն ՀԻՇՈՒՄ, այլև ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ՝ հանուն քաղաքացու շահի»: