«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է «Ես չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին» ֆեյսբուքյան ակցիային։ Գրառման մեջ ասվում է․
«Սիրելի ընկերներ,
«Ես չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին» ֆեյսբուքյան ակցիան ունեցավ մեծ տարածում և ամբողջ աշխարհին ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական սնանկությունն ու լեգիտիմության տոտալ բացակայությունը:
Հայկական սոցիալական մեդիա տիրույթը գտնվում է Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք պետությունների հատուկ ծառայությունների դիտարկման ներքո, որի արդյունքներով ելակետային տվյալներ են ձեռք բերվում Հայաստանի իշխանության իրական վարկանիշի և լեգիտիմության վերաբերյալ:
Սա կարևոր է հատկապես տարածաշրջանային գործընթացների հետագա պլանավորման և իրագործման ռազմավարությունների մշակման ենթատեքստում, որտեղ էական նշանակություն ունի գործընթացներին մասնակից պետություններում իշխանությունների ներքին լեգիտիմությունը:
Տարածաշրջանային գործընթացների ռաղմավարական պլանավորման շրջանակներում աշխարհաքաղաքական կենտրոնների համար առաջնային է ժողովրդի՝ որպես իշխանության առաջնային կրողի, դիրքորոշումը և ընդունված որոշումների պրակտիկ անխափան կիրառումը երաշխավորելու նպատակով:
Մասնավորապես, Ռուսաստանում համոզվել են, որ Նիկոլ Փաշինյանը չունի ռազմավարական նշանակության պայմանավորվածությունները կյանքի կոչելու ռեսուրս և հնարավորություն, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Փաշինյանը միջազգային լեգիտիմության կորստի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Վերջին երկու օրվա ընթացքում Հայ Ազգը հիմնովին մերժեց Նիկոլ Փաշինյանին և զրկեց նրան Հայաստանի և Հայ Ազգի անունից խոսելու իրավունքից:
Վստահորեն կարող եմ պնդել, որ մեզ միասին հաջողվեց կազմաքանդել Նիկոլ Փաշինյանի իշխանության միջազգային լեգիտիմության հիմքերը՝ Ռուսատանի և մյուս աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ նրա հետ երկարաժամկետ պլաններ կազմելու մտքից հրաժարվելու հետևանքով:
Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումներից հետո կձևավորվի Հայաստանի կողմից գլխավոր բանակցողի, այսինքն վարչապետի, փոխման հրատապ օրակարգ՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերն առավել արդյունավետ կենսագործելու նպատակով»: