Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարագը իր էջում գրել է․

«Իմ համար պատերազմի ամենածանր դրվագը կապված էր Մոխրենես գյուղի ու Միշա պապիկի հետ։ Միշա պապիկենց ընտանիքին ճանաչում էի մեր արշավներից, նույնիսկ մնացել ենք իրենց տանը 2013 թ․-ին ու բախտի բերմամբ կամ հակառակը պատերազմի ընթացքում գյուղի միակ բնակիչն իմ ծանոթ պապիկն էր։ Նույնիսկ էդ նեղ մաջալին հասցրեցինք նկարվենք, որպես հուշ։ Չնայած դժվար էր հավատալ, որ էդ նկարները հրապարակվելու են մի օր։

Երեկոյան մթնշաղին թշնամին հասել էր գյուղի մատույցներին երբ գյուղացիք կապ հաստատեցին գեներալի հետ և նա ասաց, որ դուրս գանք գյուղից, որ օգնություն չի գալու։ Տողն արդեն թուրքերի ձեռն էր ու առաջանում էին մեր ուղղությամբ։ Մենք սարերով նահանջեցինք դեպի Տումի, գյուղում թողնելով Միշա պապիկին, ով կտրականապես հրաժարվել էր դուրս գալ գյուղից և իր որդուն՝ Գեղամին, որը մնաց հոր հետ։

Ամեն օր մտքիս մեջ էր, ճիշտն ասած հիմա էլ մտածում եմ, որ նահանջ հրամանի փոխարեն մեզ դիրքավորեին ու զինեին, մենք կարող էինք պահել գյուղը մինչև օգնություն կգար, բայց սա առանձին պատմություն ա։

Ամեն օր մտածում էի ոնց են թուրքերը դաժանաբար սպանել նրանց։ Գեղամն էր անընդհատ աչքիս առաջ գալիս, իմ համար ինքն էս պատերազմի ամենալուսավոր կետն էր։ Գեղամն ամենահետաքրքիր ու օրինակելի կերպարն էր, որին հանդիպել եմ ողջ պատերազմի ընթացքում։ Գլխիցս դուրս չէին գալիս նրա բառերը, որ ասում էր – էս կողմերում թուրք չի եղել երբեք, չի էլ կարա մտնի մեր գյուղ, էս բնությունը մեզնից լավ ոչ մեկ չգիտի։

Մեկ էլ հենց նոր իմացա, որ երկուսն էլ ողջ են ու արդեն Ստեփանակերտում են։ Դեռ հավատս չի գալիս, բայց դա հաստատ ա:))))) վայ Գեղամ, Գեղամ, օգտագործել ա բնության իմացությունը))))»։