Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրել է. «Մինչև վերջերս հայկական ֆեյսբուքը հիանում էր Արցախի ռազմունակ տղամարդկանցով և գործունյա կանանցով, հաշվում էր, թե քանի գեներալ ու մարշալ է տվել ցարական Ռուսաստանին ու ԽՍՀՄ-ին, շատերը գիտեին, որ ամենադժվար պայմաններում Արցախում պահպանվել է հայերի ինքնակառավարումը ի դեմս մելիքությունների, գիտեինք, թե քանի արցախցի սպա է մասնակցել Սարդարապատի ճակատամարտին... Ի՞նչ եղավ հիմա, որ «քննարկվում է» ներկայիս պատերազմում արցախցիների դասալքության թեզը, կշեռքի վրա հաշվարկվում վերջին պատերազմին «արցախցիների» և «հայաստանցիների» կշիռը: Վստա՞հ ենք, որ գիտենք, թե պատերազմին մասնակցածների մեջ ծագումով արցախցի հնաբնակ հայաստանցիները որքան են: Որքա՞ն են «արցախցիները» և նրանց կշիռը Հայաստանի գիտության, կրթութան, առողջապահության, արվեստի, բանակաշինության մեջ: Եվ վերջապես վստա՞հ ենք, որ այսպես Արցախը և արցախցիներին չենք օտարում Հայաստանից և հայաստանցիներից: Կարո՞ղ է նույն կերպ վարվենք սյունեցիների հետ, օրինակ: Թե՞ հենց այս պահին այդպես էլ վարվում ենք: Պատմությունը չի ավարտվել, Արցախը Հայաստանի մաս է եղել, մաս է և մաս է լինելու: Ուրեմն Հայաստանը և հայաստանցին կռվել է ի՛ր համար: Եվ երբ գրում եմ Հայաստանը և հայաստանցին, նկատի ունեմ նաև Արցախը և արցախցուն:
     Վերջին երեք հարյուր տարիներին Արցախը հայաթափվել է առնվազն չորս անգամ: Առաջինը՝ Ռուսաստանի կայսր Պետրոսի խոստումներով Պարսկաստանի դեմ սկսած ապստամբությունում պարտվելուց հետո: Դա, ի դեպ, Ռուսաստան և Վրաստան արցախցիների առաջին մեծ գաղթն էր: Մարդիկ արտագաղթեցին խաբված լինելով և դրա հետևանքով իրենցից տասնապատիկ ուժեղ թշնամու պատժից խուսափելու համար: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու բոլշևիկների որոշումից հետո: Չեն գաղթել 1919-20թթ. հայ-թուրքական կռիվներին, այդ թվում՝ օսմանյան բանակի դեմ, կռիվներից չեն փախել, գաղթել են կռիվների ավարտից հետո կայացած անարդար, շատ անարդար որոշումից հետո: Գաղթել են նույնիսկ Միջին Ասիա: Գաղթել են բացարձակ անարդարության դեմ: Չեն հաշտվել: Երրորդ անգամ հայաթափվել է գլխավորապես դաշտային Արցախը՝ «Կոլցո» օպերացիայի միջոցով, բռնությամբ: Եվ մեր օրերի ամենամեծ հայաթափությունը՝ հենց 2020թ. պատերազմի օրերին: Առայժմ վերադարձել են, հավանաբար, ընդամենը մեկ քառորդը: Կվերադառնա՞ն արդյոք մյուսները: Մի մասը՝ թերևս: Բայց շատ կլինեն նաև չվերադարձողները: Տարբեր պատճառներով չվերադարձողները: Այս պատերազմի ծանր կորուստներից մեկը նաև սա է: Եկեք պատկերացնենք, թե ինչ կլինի այս դեպքում, եթե ներկայիս Արցախի ճակատագիրը հենց հիմա որոշվի հանրաքվեով:
     Ո՞վ կրկին հրապարակ բերեց «արցախցի» և «հայաստանցի» եզրույթները: Ի՞նչ նպատակով: Մենք «արցախցի» և «հայաստանցի», կարծում եմ, չունենք: Դժվար օրերին պարբեբար հառնող և հատուկ իմաստով օգտագործվող այս եզրույթները քաղաքական նպատակներով շահարկումների թեմա դարձնողները ջլատում են հայությունը և Հայաստանը՝ ներառյալ Արցախը»: