Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միմյանց ծեծելու փոխարեն միավորվեին ու որոշում կայացնելու պահանջով գնային կառավարության շենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով Ամուլսարի խնդրին:

««Ամուլսար»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացն ունի զուգահեռներ մյուս գործերում, որոնք հանրության տարբեր խմբերին բաժանվել են թշնամի հատվածների։

Սխեմեն նույն է։ Կառավարությունը մի կողմ է քաշվում և չի կատարում իր պարտականությունները՝ որոշում չի կայացնում։ Արդյունքում «կողմերը» ստիպված իրար հետ են հաշիվ մաքրում։ Ամուլսարի հանքի շահագործման բանավեճի կողմերը միմյանց են ծեծում ու արդեն կարևոր էլ չի, թե ով է առաջինը հարվածել։ Նման դեպքերում ցանկացած պատահականություն կարող է շիկացնել իրավիճակը, հնարավոր է։

Կա պրոցես, կա մի կողմ քաշված կառավարություն և կողմերն ու դեմերը միմյանց են հետ են հաշիվ մաքրում, այն դեպքում, որ որոշում ընդունողն իրենք չեն, այլ կառավարությունն է։

Հասկանալի է, որ «բաժանիր, որ տիրես» բանաձև «հեղախականների» սիրած գործելաոճն է, բայց երբ այն կիրառում են ոչ արհեստավարժները, ապա բաժանում կարող է ստացվել, բայց «տիրելու» պահը կարող է չստացվել։ Նման դեպքերում բոլորն են դուրս գալիս որոշում չկայացնողի դեմ։

Նույն պրոցեսը տարբեր դատավարությունների ընթացքում է տեղի ունենում, որտեղ կողմերն ու դեմերը դատարանի դահլիճներում, կամ, փողոցում, պատրաստ են ձեռնամարտի, որովհետև կառավարությունը հայտարարելով, որ դատական համակարգը կոռումպացված է, խրախուսում է փողոցում հարցեր լուծելուն։ Բա ինչ պետք է անեն, երբ պետությանը ղեկավարն ինքն է ասում, որ չկա արդար դատարան, իսկ առողջապահության նախարարը հայտարարում է, որ չի ենթարկվելու դատարանի որոշմանը։

Սա բոլոր ինստիտուտների դելեգիտիմացման գործընթաց է։

Ճիշտը կլիներ այն, որ Ամուլսարի հակադիր կողմերը միմյանց ծեծելու փոխարեն միավորվեին ու որոշում կայացնելու պահանջով գնային կառավարության շենք»։