Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

««Ընդդիմադիր» որոշ փտած քաղաքական շրջանակներից սկսել են հնչել կոչեր, թե աշնանը կրթությունը կազմակերպելու միակ այլընտրանքն իբր հեռավար ուսուցումն է (այն է՝ չուսուցումը)։

Այնինչ պարետատան՝ դպրոցներում և ԲՈՒՀ-երում համընդհանուր քաոս ստեղծելու բուն նպատակը հեռավար չուսուցումը հասարակության համար ընդունելի դարձնելն է։ Եթե գարնանն ուսուցիչները, ծնողները և աշակերտները համատարած դժգոհում էին հեռավարից, ապա փաշինյանական ԿԳՄՍՆ-ն՝ իր աշնանային միտումնավոր անհեթեթ «լուծումներով»՝ ըստ էության, երեխաների իրավունքների վրա թուրքավարի բռնանալով, ուղղորդում է հանրությանը դեպի այդ պակասավոր կրթական մոդելի ինքնակամ ներդրում ու հետագա արմատավորում։

Իսկ հեռավար չուսուցման բուն նպատակը աղքատամիտ, հուզականորեն անկայուն, ֆիզիկապես թուլակազմ, սոցիալապես անպիտան սերունդ պատրաստելն է՝ ինքնամփոփ, ինքնասույզ և ապակողմնորոշված անհատների մի անդեմ զանգված բուծելը։

Հետևաբար, մի՛ խաբնվեք. միակ ճիշտ այլընտրանքը ոչ թե հեռավար (չ)ուսուցումն է, այլ հայ մատաղ սերնդին և ուսանողությանը լիակատար ավանդական կրթություն և ազգային դաստիարակություն տրամադրելը՝ այն մշտապես կատարելագործելով հանդերձ»։