Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կողմնորոշվե՛ք, պարո՛ն վարչապետ, կա՛մ բացեք, կա՛մ փակեք Ամուլսարը...
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մինչ օրս գիտակցաբար ձեռնպահ եմ մնացել որևէ դիրքորոշում հայտնելուց՝ փորձելով նախևառաջ լսել մասնագետներին և բնապահպաններին:
Որ այս հարցի շուրջ հանրային կյանքում տեղի էր ունենալու լրջագույն քննարկումներ և բանավեճեր, պարզ էր բոլորի համար:
Ինձ համար տհաճ անակնկալը բանավեճի և քննարկումների որակն էր և մեկը մյուսի նկատմամբ դրսևորած վարքագիծը: Սրանով հանդերձ, պարզ դարձավ, որ Ամուլսարի հարցում իշխանության ներսում գոյություն չունի կոնսենսուս, ինչը նշանակում է, որ առնվազն այս հարցում իշխանությունը միասնական չէ:
Երկրորդ՝ հարցի շուրջ առկա է տրամագծորեն ու արմատապես տարբերվող կարծիքներ, որոնք որևէ հույս չեն ներշնչում, որ գործընթացի ելքը կլինի բարեհաջող:
Երրորդ՝ այս հարցում ցանկացած վերջնական որոշում չի ունենալու անհրաժեշտ լեգետիմություն, ուստի խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև շոշափում է քաղաքական, ինչպես նաև ազգային անվտանգության խնդիր:
Եթե չեմ սխալվում, այս հարցի շուրջ մինչ օրս որևէ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել Գիտությունների ազգային ակադեմիան, ինչն ինձ համար առնվազն տարակուսելի է:
Ինձ համար տարակուսելի է նաև, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկու տարի շարունակ չի կարողանում կողմնորոշել այս հարցում՝ բացե՞լ, թե՞ փակել Ամուլսարը: Առհասարակ, պետական կառավարման գործընթացում անորոշությունը, ռազմավարական հարցերում չկողմնորոշվելը, ուշացած որոշումներ կայացնելը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ոչ միայն որևէ ոլորտի հետագա զարգացման համար, այլև կասկածի տակ դնել պետության և պետական իշխանության հեղինակությունը:
Հայկական իրականության ողբերգություններից մեկն էլ այն է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ քաղաքական շահը: Կողմնորոշվե՛ք, պարո՛ն վարչապետ:
Եթե Ամուլսարի շահագործումն անվերականգնելի վնաս է հասցնելու մեր երկրի էկոհամակարգին, ուրեմն՝ փակեք այս թեման ու վերջ: Իսկ եթե, այնուամենայնիվ, բոլոր ռսիկերի կառավարման պայմաններում հնարավոր է շահագործել, ուրեմն՝ որոշում կայացրեք ու շարժվե՛ք առաջ:
Որևէ կասկած չունեմ, որ այս անորոշությունն ավելի մեծ վնաս է հասցնում Հայաստանին, քան այս հարցի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը:
Հ.Գ. Գիտակցելով, որ այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն անհրաժեշտ է նաև քաղաքացիական դիրքորոշման տեսանկյունից, այն խորը համոզունքով, որ հարցը դուրս է լոկ բնապահպանական շահերի տեսանկյունից և իր մեջ պարունակում է նաև քաղաքական հարց, տեսանելի ապագայում, մասնագետների հետ խոհրդակցելուց հետո, անպայման կհայտնենք մեր կարծիքը»: