Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ ՀՀ Սահմանադրությունը չդարձավ ազգային համաձայնության մի փաստաթուղթ, որը պետք է դառնար պետականաշինության բովանդակային և իրավական առանցքը։ Այսօր Սահմանադրության օրն է, մի սահմանադրության, որը շատ բարդ ճանապարհ է անցել ու դեռ անցնում է։
1995-ի համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը։ Կարևոր է նշել, որ հանրաքվեն անցկացվեց խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, որը նվազեցրել էր Սահմանադրության նկատմամբ հանրային ուշադրությունն ու քննարկումների հնարավորությունը։ Ինչպես նաև՝ չկար քաղաքական ուժերի միջև կոնսենսուս առաջին հանրային համերաշխության փաստաթղթի շուրջ, մասնավորապես, Սահմանադրությանը դեմ էին արտահայտվում «Ազգային ժողովրդավարական միությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», որի գործունեությունն այդ ժամանակ կասեցված էր: Արդյունքում, ընդդիմությունը հայտարարեց, որ ինչպես ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի արդյունքները կեղծվել են կառավարող ուժի կողից:
2005-ին Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Ընդդիմությունն իշխանության հետ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բովանդակային քննարկման չգնաց, այլև խորհրդարանական «Արդարություն» դաշինքը, մի քանի արտախորհրդարանական կուսակցությունների հետ համատեղ «ոչ»-ի շտաբ էր ձևավորել և ակտիվ քարոզարշավ էր իրականացնում: Ընդդիմությունն ու դիտորդները հայտարարում էին, որ հանրաքվեի անցկացման ժամանակ թույլ են տրվել լրջագույն խախտումներ։ Հանրաքվեն ընդդիմության կողմից կոչվեց «ուրվականների հանրաքվե»։
2015-ին անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հերթական հանրաքվեն՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Նոր սահմանադրության ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունն անցավ կառավարման խորհրդարանական համակարգի։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն անսպասելի էր, քանի որ ո՛չ գործող նախագահ Ս. Սարգսյանը և ո՛չ էլ նրա կողմից ղեկավարվող ՀՀԿ-ն իրենց նախընտրական ծրագրերում չէին հայտարարել այդպիսի մտադրության մասին: Ընդդիմադիր քաղաքական ուժերի և հասարակական գործիչների կողմից հնչեցին բազմաթիվ մտահոգություններ, որ սահմանադրական փոփոխությունները միտված են Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը երկարաձգելու, որը կհանգեցնի երկրում պայթյունավտանգ իրավիճակի։ Չնայած բազմաթիվ զգուշացումների՝ հանրաքվեին անցկացվեց։
2018-ին Սերժ Սարգսյանը, հենվելով 2015-ին ընդունված սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունից, փորձեց վարչապետի պաշտոնում շարունակել իր ձեռքում պահել իշխանության ղեկը, սակյան դա նրան չհաջողվեց։ Թեև փաստաթղթերով ամեն ինչ դասավորված էր, բայց հանրային տրամադրությունները բոլորովին այլ էին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էին քաղաքական ու քաղաքացիակաան միավորումները 2015-ին՝ պայթյուն։
Այսօր, նշելով ՀՀ սահմանադրության օրը, ցանկանում եմ, որպեսզի ամեն իշխող ուժ չփորձի իրեն հարմարեցնել Մայր օրենքը, աշխատի ընդդիմադիր ուժերի, հասարակական լայն շերտերի հետ, իսկապես ազգային համաձայնության փաստաթուղթ ունենալու համար, գործի սահմանադրականության, իրավունքի, հանրային համերաշխության ու պետականաշինության համար անհրաժեշտ սկզբունքների հիման վրա։
Մեր սահմանադրությունը դեռևս անցնում և անցնելու է փորձությունների միջով»։