Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սահմանադրության օրն է, պետական տոն, որ նշվում է 1995-ից:

Այս տարիների ընթացքում մեր երկրի սահմանադրությունը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին:

Այս տարիների ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեր երկիրը դարձնել սահմանադրական, և մեր երկրում հաստատել սահմանադրական գերակայություն:

Հակառակը՝ հնարավորի սահմաններում մեզանից յուրաքանչյուրն անարգեց, անպատվեց, արհամարհեց, անտեսեց ու արժեզրկեց մեր երկրի մայր օրենքը...

Մենք այդպես էլ հուլիսի 5-ը չընդունեցինք ու չընկալեցինք որպես տոն ու երբեք այն չդարձրեցինք համաժողովրդական, անլուրջ մոտեցում ցուցաբերեցինք սահմանադրության հանդեպ և չգործադրեցինք անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ սահմանադրության նորմերն անմիջականորեն գործելը կյանքի նորմ դարձնելու համար:

Անցած տարիների ընթացքում սահմանադրության բազմաթիվ նորմեր այդպես էլ չկիրառվեցին, կամ կիրառվեցին կամայականորեն, մեկնաբանվեցին՝ ըստ հայեցողության ու քաղաքական իրադրության, հատվածական շահերի տեսանկյունից:

Մենք ապացուցեինք, որ անլուրջ մոտեցում ունենք սահմանադրության՝ որպես մեր հասարակական հարաբերությունները կարգավորող ամենակարևորագույն գործիքի հանդեպ և հեռու ենք սահմանադրական հասարակություն դառնալու ճանապարհից...

Կյանքն ապացուցեց, որ գործող սահմանադրությունն էլ չդիմացավ փորձությանը և ապացուցեց իր անկենսունակությունը:

Ես խորապես համոզված եմ` քանի դեռ հասարակությունը չի հարգել իր օրենքը, իր երկրի օրենքը, ինքը չի դարձել սահմանադրական և իր ցուցաբերած կամքով երկրում չի հաստատել սահմանադրականություն, սահմանադրությունը մնալու է որպես թղթի վրա գրված սիրուն փաստաթուղթ, ընդամենը...

Բայց դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է որակապես նոր սահմանադրություն, որը կլինի իսկապես լեգետիմ մայր օրենք: Շնորհավո՛ր սահմանադրության օրը»: