Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուսահոգի պապս, երբ թոռներով չարություն էինք անում, իսկ բացահայտվելուց հետո ներողություն էինք խնդրում, միշտ հակադարձում էր. «Ներեմ, կրկին կանեք»:
     Ինչո՞ւ հիշեցի պապիս այս խոսքերը:
     Երեկ Արթուր Վանեցյանը կրկնելով արդեն Սոչի քաղաքի խոհանոցում թաքնված Միքայել Մինասյանի խոսքերը, հանդես եկավ համերաշխության կոչով, որում մասնավորապես նշել է. «Եթե չլինի համերաշխություն, Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է...: Փոթորկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին՝ կարգը, իսկ խելահեղությանը՝ բանականությունը»:
     Այլ կերպ ասած, բոլորին ներենք և անցնենք առաջ:
     Ներենք և մոռանանք ժողովրդի 20 տարվա ստրկությունը, ունեզրկումը, սպանությունները, արտագաղթը, ապօրինի դատապարտումները, խեղված ճակատագրերը, մարտի 1-ի, ապրիլյան քառօրյայի զոհերին, քաղաքական սպանությունները և այլն:
     Ուշագրավը այն է, որ Վանեցյանը, հավանաբար, ինքն էլ չնկատելով, նշել է այն պարտադիր նախապայմանը, որից հետո պետք է սկսվի ներումը՝ հանդուրժողականությունը:
     Դա փոթորիկն է:
     Հեղափոխության փոթորիկը պետք է ապահովեր պատժի անխուսափելիության և բումերանգի անխափան գործող օրենքը, որը կբավարարեր հասարակությանը և նոր դրանից հետո կլիներ ներում:
     Ցավոք, հեղափոխական փոթորիկ տեղի չունեցավ նաև ԱԱԾ-ն նախկինում ղեկավարող Վանեցյանի մեղքով:
     Բացի այդ՝ Վանեցյանը, հավանաբար, մոռացել է, որ ներում շնորհում են նրան, ով դա խնդրում է, իսկ նախկինները մինչ օրս պնդում են, որ իրենք էլիտա են, ազնվականներ և ճիշտ են, որ կոտորել են, սպանել, ունեզրկել:
     Կցանկանայի մի հարց տալ Արթուր Վանեցյանին և իր պես մտածողներին. իսկ դուք կներե՞ք ձեզ ունեզրկողներին, սպանողներին, թալանողներին, արտաքսողներին, հոգեպես և ֆիզիկապես խոշտանգողներին, որոնք պնդում են որ ճիշտ են արել ու ներում չեն հայցում:
     Միանշանակ ոչ, դուք նույնիսկ չեք ներում ժողովրդին՝ սեփականատիրոջը, որը ձեզնից պահանջում է իրենից գողացվածը:
     Այնպես որ Արթուր, ներում և համերաշխություն կլինի, բայց փոթորիկից հետո, ի դեպ՝ դա ամրագրված է նաև ֆիզիկայի օրենքներով:
     Հուկի օրենք. այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
     20 տարի ժողովուրդը սեղմվել է օկուպանտների կողմից, առանառանձգականության ուժի օրենքով ժողովուրդը պետք է վերականգնվի իր նախկին դիրքին:
     Նյուտոնի երրորդ օրենք. Ազդեցությունը հավասար է հակազդեցությանը:
     Օկուպանտների կողմից հայ ժողովրդի նկատմամբ կիրառված 20 տարվա ազդեցությունը պետք է ստանա հավասար հակազդեցություն, հենց սա է Արթո՛ւր, քո նշած փոթորիկը:
     Այնպես որ Արթո՛ւր, կրկնում եմ, ներում և համերաշխություն կլինի, բայց փոթորիկից հետո, որը, միևնույն է, տեղի է ունենալու:
     Իսկ եթե ներենք առանց փոթորիկ, ապա կրկին կանեք»: