Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ
Որպես կարգավորող մարմնի ղեկավար, ինձ համար տհաճ է, երբ Ոստիկանությունը այցելում է (անկախ այցելության պատճառներից) ցանկացած հեռարձակողի գրասենյակ: Լավ կլիներ, այդպիսի այցելություններ չլինեին:
Ավելի տհաճ է, երբ այդպիսի այցելությունը քաղաքական շահարկման առիթ է դառնում եւ մանիպուլյատիվ հնարքներով հիշատակվում է իմ անունը:
Իսկ այժմ բացատրեմ ինչի մասին է խոսքը: Այսօր ոստիկանները այցելել են Արմնյուզ հ/ը եւ արձանագրություն են կազմել եթերում դիմակ չկրելու համար: Տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 հազար դրամ է: Արմնյուզ ռադիոկայանի տնօրեն եւ Արմնյուզ հեռուստաալիքի հաղորդավար Լիկա Թումանյանը (եւ ոչ միայն նա) եթերում դիմակ չկրելը հիմնավորում է մոտ մեկ ամիս առաջ լրատվականներից մեկին հեռախոսով արտահայտած իմ այն տեսակետով, որ (մեջբերում եմ լրատվականի տեքստից). «Հեռուստաընկերությունների տաղավարներում պարտադիր դիմակով նկարահանում անելու պարետի համապատասխան որոշում չկա՛ որքանով ես գիտեմ»: Խոսքը, բնականաբար, գնում էր մեկ հաղոդավարի մասին (երբ երկուսն են՛ դա պարտադիր է, եւ այդ պահանջը, կարծես, չի վիճարկվում):
«Որքանով ես գիտեմ»-ը թույլ փաստարկ է, եւ դա ես օգտագործել եմ, որովհետեւ ինքս էլ համոզված չէի, որ պարետի որոշումները հստակ պարտադրում են հաղորդավարին եթերում մենակ լինելով դիմակ կրել: Եւ այդ խնդրի մասին բազմաթիվ անգամ հայտնել եմ իմ տեսակետը եւ օրենսդիր, եւ գործադիր իշխանոությունների ներկայացուցիչներին: Այնուամենայնիվ, հեռարձակողների տնօրենների հետ խոսելիս միշտ խնդրել եմ այդ դիմակը կրել, բացատրելով թե, ինչու է դա անհրաժեշտ: Այդ խնդրանքը (համապատասխան փաստարկներով) հնչել է նաեւ ԱԺ-ում կայացած լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնեմ նաեւ, որ հունիսի 26-ին, այսինքն մեկ շաբաթ առաջ, Կառավարությունը դիմեց կոչով բոլոր լրատվամիջոցներին հետեւյալ կարճ հաղորդագրությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ: Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում։
Տեղեկացնում ենք, որ կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն»։
Այս կոչ-զգուշացումից հետո նորից հղում անելը իմ մեկամսյա վաղեմության կարծիքին գնահատում եմ որպես պարզունակ սպեկուլյացիա: Բայց եթե ենթադրեմ, որ ՀՌՀ նախագահի կարծիքը այնքան արժեքավոր է Լիկա Թումանյանի եւ իմ որոշ այլ գործընկերների համար, եւ որը պատրաստ եք անվերապահորեն կատարել, նույնիսկ «կռիվ» տալով ոստիկանության եւ պարետատան որոշումների դեմ, ապա ակնկալում եմ ձեր պատասխանատու վերաբերմունքը իմ նախկինում հնչեցրած այլ տեսակետներին, խնդրանքներին եւ հորդորներին:
Այս թեման փակելով, կարծում եմ, որ արդյունավետ կլիներ կազմակերպել հեռարձակողների եւ պարետատան պատասխանատուների հանդիպում, որի ընթացքում կողմերը լսելով միմյանց փաստարկներն ու առաջարկները, կկարողանան գալ վերջնական հայտարարի, նպատակ ունենալով համավարակի դեմ համատեղ պայքարն ու հաղթահարումը:
Իսկ վերջում ամենակարեւորի մասին: Ոստիկանության կողմից վարչական վարույթ հարուցելու մասին իր ֆեյսբուքյան գրառումը Լիկա Թումանյանը ավարտում է հետեւյալ նախադասությամբ. «Լրատվամիջոցների դեմ արշավը սկսված է»: Կասկածում եմ, որ արշավները 10 հազար դրամանոց տուգանքներից են սկսվում, հատկապես, որ նախորդ օրը Կառավարության որոշումով մայրաքաղաքային ծածկույթ ունեցող յուրաքանչյուր հեռուստատեսությունին հատկացվեց 250 անգամ ավելի մեծ գումար: Եւ առաջարկում եմ Լիկային (որին շատ եմ համակրում) այցելել ինձ: Կբացեմ արկղների մեջ պահվող իմ պահոցները, որտեղ հարյուրավոր վկայություններ կան մեդիայի դեմ արշավների մասին՛ լուսանկարներ, տեսանյութեր հոդվածներ, դատավճիռներ…: Կտեսնի ավիրված խմբագրություններ, այրված մեքենաներ, հարկային տեռորի մասին վկայող որոշումներ, առգրավված համակարգիչներ, տասնյակ ծեծված լրագրողների պատկերներ, քրեական գործերի պատճեններ (երկուսն իմ դեմ 2000 թ.), ազատազրկված լրագրողների երեխաների նամակներ, մարտի 1-ից հետո փակված լրատվամիջոցներ, խեղված ճակատագրեր…: Եւ այդ ամենին ծանոթանալուց հետո մեկ գավաթ գինիյով կմաղթենք մեզ բոլորիս, որ այլեւս «Լրատվամիջոցների դեմ արշավը» լինի միայն այսպիսին՛ 10 000 դրամ տուգանքով….»