Գագիկ Համբարյանը գրել է

Նիկոլ Փաշինյանի կողմից մեր երկրի ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ ԱԱԾ-ի վարկաբեկման գործընթացը շարունակվում է։ Այդ գործընթացը սկսվել է վերջինիս վարչապետ ընտրվելուց հետո։ Նիկոլը չի վարանում տարատեսակ հրամաններով հասարակության մոտ անլուրջ տպավորություն ստեղծել ԱԱԾ-ի մասին։ Օրինակ՝ սատանաների հայտնաբերում, պապիկ-տատիկների կողմից հունիսի 1-ին երևանյան բակերից մեկում կազմակերպված միջոցառման բացահայտում, ԱԳԼՃԿ-ներում ՀԴՄ կտրոնների չտրամադրման փաստերի արձանագրում և այլն։

Երկու օր էլ նույն ԱԱԾ-ն զբաղված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասին բոևիկ ֆիլմերի նկարահանմամբ և ցուցադրությամբ։ Սա զավեշտ է։ Սա անընդունելի վերաբերմունք է ԱԱԾ-ի նման կառույցի նկատմամբ, երբ վերջինս Ծառուկյանից և ՀԴՄ կտրոններից ավելի կարևոր գործեր ունի՝ հաշվի առնելով թե՛ մեր «հրադադարային» կարգավիճակը, թե՛ մեր հարևանությունը։

Ի դեպ, մինչ ԱԱԾ-ն հակածառուկյանական ֆիլմեր է նկարում, ազերի «Ռեյնջեր» հաքերային խումբը հպարտանում է, որ կարողացել է հայթայթել և հրապարակել կորոնավիրուսով վարակված ու կոնտակտավոր շուրջ 3 հազար 500 հայաստանցիների անձնական տվյալները։

Պետական մտածելակերպից զուրկ Նիկոլի համար դա կարևոր չէ, կարևորն ամեն գնով իր իշխանության պահպանումն է։ Մինչ նա ԱԱԾ-ի միջոցով շանտաժում է Ծառուկյանին, Բաքվի ձեռքում են հայտնվում մեր հազարավոր հայրենակիցների անձնական տվյալները, որոնց մասին մենք էլ չգիտենք։

Հ.Գ. Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է անձնական վրեժխնդրության «մահակի», որի միջոցով բացահայտ ահաբեկում է իր քաղաքական հակառակորդներին՝ ստացած տեղեկություններն օգտագործելով անձնական շահերի համար և արժեզրկում է այդ կառույցի աշխատանքը հասարակության աչքերում։