Երբեմն անձամբ արձագանքում եմ անծանոթ անհատների նամակներին։ Մի 10 օր առաջ, երբ մի քաղաքացու ՝ ե՞րբ եք վերադառնալու քաղաքական դաշտ, ինձ համար անտեղի հարցին նրբօրէն պատասխանել էի, որ «չեմ հեռացել, պարզապէս մանրուքների առայժմ չեմ խառնւում», արձագանքել էր. «pastoren duq manruq eq hamarum azgi masnatvacutyun@?»։ Կարելի էր իրեն հարցնել՝ այ, սիրելիս, այդ որտե՞ղ կարդացիք, որ ես մանրուք եմ համարում հենց ազգի մասնատուածութիւնը, բայց այլ՝ ընդհանրական պատասխան գրեցի, որը եւ ներկայացնում եմ։

Ազգը միշտ մասնատուած է՝ կանանց, տղամարդկանց, երիտասարդների, հարուստների, աղքատների, առողջների, հիվանդների, խելացիների, տգէտների եւ այլն։ Երիտասարդական շրջանում բոլշեւիկ լինլով յանդերձ Եղիշէ Զարենցը հայ մեծ մտաւորական էր եւ չէր կարող անտարբեր լինել սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ։ Կարելի է ենթադրել, որ նա իր յայտնի ասոյթն հեղինակելիս կռահել էր, որ հայ ժողովրդի հիմնական խնդիրը պետականութեան վերականգնումն է, սակայն դրա մասին բացայայտօրէն խօսել կնշանակեր պայքարի դրոշ պարզել կոմոնիստական կայսրութեան դէմ այն էլ նրա ամենադաժան՝ ստալինեան բռնապետութեան տարիներին։ Թերեւս այդ պատճառով զարթոնք ապրած հայ մտաւորականը կրկնակի զգուշաւորութիւն յանդէս բերեց. առաջին՝ հայ ժոովրդի փրկութեան գաղափարը անմիջականօրէն կապեց ոչ թէ պետութեան, այլ ազգային միասնութեան, ժողովրդի հաւաքական ուժի գաղափարի հետ եւ երկրորդ՝ նոյնիսկ այդպիսի փոխաբերական մատուցմամբ՝ «Ո՜վ հայ ժողովուրդ քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ասոյթ-կարգախօսը բացայայտօրէն ասպարէզ չհանուեց։ Այն կարող էին կարդալ միայն իրազեկները։ Միանգամից նշենք, որ իրեն ամեղ համարող Եղիշէ Չարենցի կարծիքով հենց այդ ասոյթի համար է ինքը կալալաւորուած եղել 1937 թուականին։
1974 թուականի Սովետական Հայաստանի Գերագոյն դատարանում արտասանածս Վերջին խօսքում ես անդրադարձել եմ երեւոյթին, բայց 40 տարի է անցել ու մտածում եմ։ Ո՞ւր են մեր պատմաբաններն ու գրականագէտները։ Ո՞վ պիտի եւ ե՞րբ պիտի խօսի մեր այն սերնդի մասին, որ ոչ միայն չէր վախենում բոլշեւիկներից, այլ նրանց բանտերում երկնում էին՝ «Մենք ուզում ենք որ անկախ լինի Հայքը, Որ ոչ մի հայ էլ պանդուխտ չլինի...» Ո՞վ եւ ե՞րբ պիտի այս ամենը դարձնի սերունդների սեփականութիւնը, աւելին՝ ուղենիշը։
Եթէ Չարենցի ժամանակներում համարձակութիւնը կամ խելքը կամ նուիրումը չէր հերիքում, ազգային միասնութեան կառոյց պետութիւնից խօսելու համար, ապա մենք պիտի հասկանանք, որ ազգային միասնութեան միակ ձեւը ազգային պետութիւնն է։ Մնում է, որ մեզնից կախեալ ամեն ինչ անենք, որ մեր այդ ազգային միասնութեան խորհրդանիշ ու կառոյց հայկական պետութեան մէջ մեզ լիարժեք մարդ ու հայ զգանք...