Պարետատան որոշմամբ՝ մարտի սկզբին փակված մանկապարտեզներն այսօր վերաբացվել են, սակայն խստացվել են հիգիենայի պահպանման կանոնները, արգելվել զանգվածային միջոցառումները։ Վերաբացված մանկապարտեզներում տիրող իրավիճակի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Երևանի մի քանի մանկապարտեզների տնօրենների հետ:
Թիվ 31 մանկապարտեզի տնօրեն Մարինա Ամիրյանն ասաց, որ 319 սանից այսօր մանկապարտեզ է գնացել 33 երեխա. «Ստեղծված իրավիճակում մենք հատուկ ցուցումներով ենք աշխատում: Ծնողները իրավունք չունեն մուտքից ներս մտել: Արդեն հասցրել ենք ծնողներին ներկայացնել նոր կանոնները, նրանք իրազեկված են»:
Ամիրյանի խոսքով, հաճախելիությունը շատ ցածր է և յուրաքանչյուր խմբում 4-6 երեխա կա:
«Փոքրիկները շատ ուրախ են, այսօր հիմնականում աշխատող ծնողներն են իրենց երեխաներին մանկապարտեզ բերել»,-նշեց Ամիրյանը:
Գրեթե նույն իրավիճակն էր նաև Երևանի թիվ 72 մանկապարտեզում: Տնօրեն Անահիտ Համբարձումյանի խոսքով՝ իրեց մոտ այս պահին 8 երեխա կա:
«Աշխատում ենք համարձակ: Գծանշումներն արված են, ծնողները չեն մոտենում մուտքին: Մենք ենք երեխաներին դիմավորում, ջերմաչափում: Այսօր 198 երեխայից, ընդամենը, 8-ն է եկել, թեպետ հնարավոր է վաղը ավելի շատ լինեն: Մենք ոչինչ չենք պարտադրում»,-նշեց նա:
Հարցին, թե երեխաները հեշտությամբ են հարմարվում փոփոխություններին, Համբարձումյանը պատասխանեց. «Խմբերը շատ փոքրաքանակ են, հետևաբար նրանց հետևելը հեշտ է: Այսօր նույնիսկ բակում եղան, քիչ են, կարողանում ենք ամեն ինչ արագ կազմակերպել»: