Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում «Նիկոլ Փաշինյանի վարչապետության երկու տարին. ձեռքբերումներ և ձախողումներ» վերնագրով գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

 
 

«-Վաղը լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու երկրորդ տարին։
Ես ողջունել եմ 2018թ․ համաժողովրդական շարժումը՝ համարելով նախորդ քաղաքական ռեժիմի հեռացումը պատմական անհրաժեշտություն։
Երբեք չեմ չարախնդացել Ն․ Փաշինյանի իշխանության վրիպումների, ձախողումների և թույլ տված սխալների վրա՝ համարելով, որ պատմական այս փուլում դրանք անխուսափելի են, միաժամանակ՝ հնարավորինս ցույց եմ տվել իմ պատկերացմամբ այն քայլերը, որոնք պետք է կատարվեին կամ չկատարվեին։

-Անկեղծորեն ուրախացել եմ Փաշինյանի իշխանության որևէ հաջողությամբ՝ համարելով, որ այդ հաջողության սպառողը մեր ժողովուրդն է և որից շահում է մեր հայրենիքը։
Մարդկայնորեն տխրել, իսկ առանձին դեպքերում նաև զայրացել եմ իշխանության տարբեր որոշումներից՝ համարելով, որ դրանք հիմնավորված չեն, ժամանակավրեպ են կամ պարզապես սխալ են։

 

-Այո՛, մենք գործ ունենք լեգետիմ իշխանության հետ, որի հիմքում դրված է 2018թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և խորապես համոզված եմ, որ այլևս երբեք իշխանության խնդիրը մեր երկրում պետք է լուծվի բացառապես օրինական ընտրությունների միջոցով։

-Մի քանի անգամ ասել եմ, հիմա նույնպես շեշտում եմ․ 2018թ․ համաժողովրդական շարժման վերջնական և անշրջելի հաղթանակը կարձանագրվի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օրինական և լեգետիմ ընտրությունների միջոցով պարտություն կկրի և քաղաքակիրթ ճանապարհով իշխանությունը կհանձնի իրեն հաղթած քաղաքական ուժին։

-Ինչևէ, գործող իշխանությունը խոսում է մի շարք ձեռքբերումների մասին, բայց շատ ավելի կարևոր է արձանագրել այն խնդիրները, որոնք դեռևս կան և լուծման կարիք ունեն, առավել ևս այն դեպքում, երբ մեր հանրության ակնկալիքներն իսկապես մեծ էին Փաշինյանի իշխանությունից։

 

Կան բազմաթիվ հարցեր, որոնք պատասխան են ակնկալում, մասնավորապես՝ վերջին երկու տարվա ընթացքում արդյո՞ք փոխվել է մեր կյանքի որակը դեպի ավելի լավը, արդյո՞ք Հայաստանը դարձել է ավելի անվտանգ երկիր, արդյո՞ք ստեղծվել են նպաստավոր նախադրյալներ հայրենադարձության կամ արտագաղթի տեմպերը նվազեցնելու համար, արդյո՞ք Հայաստանը դարձել է ավելի գրավիչ երկիր ներդրողների համար և ավելի վստահելի գործընկեր՝ միջազգային տարբեր կառույցների և պետությունների համար, արյդո՞ք ամրապնդվել են մեր դիրքերը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում կամ արտաքին քաղաքականության այնպիսի հարթակներում, որոնցում շոշափվում է Հայաստանի կենսական շահերը և այլն․․․

Այս ամենի արձանագրումով հարկ է ընդգծել, որ այս երկու տարվա ընթացքում․
1․ Ըստ էության, ձախողվել է կոռուպցիայի դեմ պայքարը, որի մասին, ի դեպ, խոստովանում է անձամբ երկրի վարչապետը։
2․ Հասարակությունից ու պետությունից թալանված միլիարդավոր դոլլարներից վերադարձվել է չնչին գումար։
2․ Օլիգարխիկ համակարգը ամբողջովին չի կորցրել իր կենսունակությունը։
3․ Չեն բացահայտվել մարտի 1-ի սպանությունները։
4․ Մինչ օրս գոյություն չունի օրինական ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ՝ հայտնի որևէ կոռուպցիոների գործով։ Բազմաթիվ ենթադրյալ հանցագործներ անպատիժ են և շարունակում են վայելել իրենց թալանածը։
5․ Բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ խուսափում են քննությունից և գտնվում արտերկրում, որով, ըստ էության, ստորացվում է Հայաստանի ինքնիշխանությունը։
6․ Իրավապահ համակարգի նկատմամբ առկա է խորը անվստահություն։ Դատական համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, խաթարվել է անցումային արդարադատության, վեթինգի իրականացման պայմաններն ու ժամկետները։

 
 

Բացի այդ, հանրության կողմից այդպես էլ միանշանակ չընդունվեց վարչապետ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, պարգևավճարների տեղատարափը, որոնք, իմ խորին համոզմամբ, թույլ տրված ռազմավարական վրիպումներ են։

Բայց կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ քաղաքական համակարգի առողջացման, նախորդ քաղաքական ռեժիմի և նրա տարբեր սատելիտների ռևանշի սպառանլիքի վերջնական չեզոքացման և իրական քաղաքական այլընտրանքի ստեղծման հարցը։

Իմ կարծիքով, երկու տարին ո՛չ շատ, ո՛չ էլ քիչ ժամանակ էր նշված խնդիրների լուծման համար նպաստավոր նախադրյալներ ստեղծելու առումով։
Եվս երկու տարի, և մենք աստիճանաբար կպատրաստվենք հաջորդ ընտրություններին․․․»: