Պարո՛ն վարչապետ, իմ ընտանիքը նպաստառու է, բայց մեր ապրուստը հոգում ենք ոչ միայն ամսական 30 հազար դրամ նպաստով, այլ նաև իմ օրական միջինը 3000 դրամ եկամտով։ Ես այդ գումարը վաստակում եմ տաքսի վարելով (Գյումրիում տաքսի վարելով ավել գումար վաստակել պարզապես հնարավոր չէ)։ Ասեմ, որ տաքսի վարում եմ վերջին 1 տարում, իսկ մինչ այդ շատ ավելին էի վաստակում կաֆելագործի աշխատանքով, ինչը ցավոք շուրջ 1 տարի է չեմ կարող անել բժիշկների պահանջով՝ ունեցածս առողջական խնդիրների պատճառով։ Ճիշտ է դժվար է ամսական 30 հազար դրամ նպաստով և օրական 3000 դրամով երկու երեխա մեծացնելը, բայց ինչ արած՝ դիմանում էինք ու ապրում։

Պարո՛ն վարչապետ, արդեն մեկ ամսից ավել՝ ինչ հանրապետությունը մտցրել եք «մնա տանը» ռեժիմի մեջ, օրական մի քանի հազար դրամ հանապազօրյա հացի գումարն էլ չեմ կարողանում վաստակել․ դատարկություն է Գյումրու փողոցներում։ Իսկ սոցիալական որևէ օգնություն չստացանք, քանի որ ամսական 30 հազար դրամ նպաստ ենք ստանում։

Պարո՛ն վարչապետ, Դուք սիրում եք համեմատության եզրեր անցկացնել մեր և մեր հարևանների միջև։ Բոլորս էլ գիտենք, որ հարևան Վրաստանի կառավարությունը առանց որևէ խտրականության ձեռք մեկնեց իր քաղաքացիներին՝ իր վրա վերցնելով 3 ամսվա լույսի և գազի վճարումների բեռը։ Դուք ոչ միայն չարեցիք նման բան, այլև կարողացաք դարակազմիկ «պատճառաբանություններ ու արդարացումներ» գտնել դրա համար։ Չնայած ինչի մասին եմ խոսում՝ Դուք «պատճառաբանություններ ու արդարացումներ» գտնելու անգերազանցելի վարպետ եք։ Այս ամենին լրացնելու եկան բնակչությանը լույս և գազ մատակարարող հիմնարկություների խիստ նախազգուշացումները՝ մինչև ապրիլի 26–ը վճարումներ չանելու դեպքում անջատումների վերաբերյալ։ Եվ երկրորդ օրն է, որ հազարավոր հպարտ քաղաքացիներ ահ ու դողը սրտերում անհամբեր սպասում են Ձեր «լայվ»–ին՝ առաջացած խնդրին Ձեր միջամտության ակնկալիքով։ Բայց Դուք լռում եք, Դուք չկաք։

Պարո՛ն վարչապետ, հետաքրքիր է, Դուք, որ տաք, գերհարմարավետ ու շքեղ առանձնատան մեջ ընտանիքով նստում եք ճոխ սեղանի շուրջ, գոնե Ձեր մտքի ծայրով անցնու՞մ է, թե շուրջ երկու տարի Ձեր կողմից ղեկավարվող երկրում Ձեզ իշխանության բերած քանի՜ հազար հպարտ քաղաքացու երեխա է մրսած ու քաղցած մտնում անկողին։

Պարո՛ն վարչապետ, ինչևէ, չերկարացնեմ. ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տանս լույսը և գազը անջատելու դեպքում հետևանքների (այսինք՝ իմ արարքների) համար պատասխանատու եմ համարելու Ձեզ:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան