ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Եթե ՀՀ շարքային քաղաքացու հարցնեն` որն է այս իշխանության գործունեության ուղղությունը, որը իրենք դրական են գնահատում, ապա անկասկած մեծամասնությունը կնշեն կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ աննահանջ ու աննկուն: Չկա որևէ ելույթ կամ հրապարակային խոսք, (երեկվա բազմաժանր լայվը եւս) որտեղ երկրի վարչապետը այդ մասին չխոսի` ընդ որում՝ պարտադիր վիրավորական արտահայտություններ օգտագործելով: Չկա ԱԺ որևէ պատգամավոր, որը անհարմար հարցերից խոսափելու համար, կամ չիմացած հարցի պատասխանի փոխարեն չսկսի խոսել կոռուպցիայի դեմ պայքարում իրենց արձանագրած հաղթանակներից: Ու ինչքան «որակյալ» է «ազգընտիրը» («նիկոլընտիրը») այնքան ավելի գռեհիկ, մակերեսային ու վուլգար է նրա` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խոսքը:

Ընդ որում, կարևոր է նաև այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է ժողովրդի բարեկեցությունը լավացնելու կենտրոնական միջոցներից մեկը: Ասում են` «թալանածը» բերում են հետ ու բաժանում ժողովրդին: Եկեք տեսնենք:

Առաջարկում եմ ծանոթանալ կոռուպցիայի դեմ պայքարի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ու ԹՎԱՅԻՆ տարբերակին:

 

ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել է 2018 և 2019 թվականների հանցագործությունների քննության վերաբերյալ տարեկան հաղորդումը և տեղեկատվությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է երկու տեղեկանք`մեկը նվիրված բոլոր տեսակի հանցագործությունների քննության արդյունքներին, մյուսը միայն կոռուպցիոն հանցագործություններին,այսինքն` վարչապետի սիրելի տերմինաբանությամբ թալանչիների ու կոռուպցիոներների վերաբերյալ միշտ հրապարակվում են առանձին տեղեկություններ: Տեղեկանքների համադրության արդյունքում ստանում ենք հետևյալ պատկերը`

2019 թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 ՀՀ դրամ, այսինքն` մոտ ՄԵԿ մլրդ դրամ:
Այսինքն` վերականգնվել է ճիշտ այնքան, որքան ըստ վարչապետի երեկվա լայվի ու իր քարոզիչների ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ: Այսինքն` մի ամբողջ տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ և կոռուպցիայի դեմ պայքարող այլ մարմինները քափ-քրտինքով կոռուպցիոն հանցագործություններով վերականգնել են 1 մլրդ դրամ և, պարզվում է` հենց այդքան էլ կազմում է ՄԻԱՅՆ բարձրաստիճան պաշտոնյանների պարգևատրման ֆոնդը:

Նույն 2019 թվականի ընթացքում ԲՈԼՈՐ տեսակի հանցագործություններով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 12.4 միլիարդ դրամ:
Միայն 2019 թվականի ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ գումարը, ըստ պաշտոնական աղբյուրների 21,5 ( ՔՍԱՆՄԵԿ) մլրդ է: Բա էլ որտեղից բավականացնի թոշակների, աշխատավարձերի ու այլ ծախսերի համար։

Ի դեպ`

2018թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938. 873.757 ՀՀ դրամ, այսինքն մոտ 4 մլրդ դրամ, իսկ ընդհանուրը՝ 28 մլրդ:
Այսինքն՝ ըստ դատախազություն հրապարակումների 2018-2019 թվականներին ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով վերականգնված գումարը ( այսինքն՝ տոտալ իրավական վակխանալիայի պայմաններում վերականգնվածը) կազմում է մոտ 5 (ՀԻՆԳ) մլրդ դրամ:

Այս թվերը այն բանի վկայությունն են, որ երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը: էլ որտեղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»:

Հ.Գ. Հետաքրքիր է մեր հարգարժան իշխանությունը ինչպես է պարգեւավճար բաժանելու այն դեպքերում, երբ մարդկանցից գույք, այլ ոչ թե գումար վերցնի:
Հ.Գ. Այս թվերի մեջ արտացոլված չեն տարբեր կաբինետներում ձեռքբերված պայմանավորվածությունների ու «նվերների» արդյունքում տրված գումարները։ Դրանք բյուջեի ոչ եկամտային ոչ էլ ծախսային մասում չեն երեւում»։