ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի լարվեք, մի նյարդայնացեք, պարոն դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել Ֆրանսիայի քաղաքացիներին վերադառնալ Ֆրանսիա։ Մեկնաբանություններից մեկում ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ֆրանսիայում ավելի ապահո՞վ է, նա պատասխանել է, որ բժշկական ենթակառուցվածքների առումով՝ այո։ Այնուհետև մեկ այլ մեկնաբանությունում դեսպանը գրել է․ «Դուք, իհարկե, ազատ եք նախընտրել Նորքի հիվանդանոցը»` կցելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ցուցանակը։

Ֆրանսիայի դեսպանի նման հրապարակային հայտարարությունը քամահրական վերաբերմունք է Հայաստանի առողջապահական համակարգի և ընդհանրապես վիրավորական դիրքորոշում բարեկամ երկրի նկատմամբ։ Այն դեպքում, երբ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը բազմապատիկ ավելի է, քան Հայաստանում։ Հայաստանի իշխանություններն էլ, ի տարբերություն Ֆրանսիայի դեպսանի, այդ երկրում գտնվող հազարավոր ՀՀ քաղաքացիներին կոչ չեն անում վերադառնալ Հայաստան։

Հասկանալի է, որ այս օրերին բոլորի նյարդերը գերլարված են։ Սակայն դա չի արդարացնում որևէ պաշտոնյայի, առավել ևս՝ բարձրաստիճան դիվանագետի կողմից բարեկամ երկրի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքը։

Զուտ դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից սա այն դեպքերից է, երբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը պետք է կանչվի ՀՀ արտգործնախարարություն՝ բացատրություն տալու համար։ Հասկանալի է, սակայն, որ այս օրերին գուցե մեր պատկան մարմինները ձեռնպահ մնան նման քայլից։

Բոլոր դեպքերում կոչ եմ անում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին հրապարակավ վերանայել իր հայտարարությունները, քանի որ դրանք ամենևին չեն բխում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ու երկու երկրների միջև հաստատված ամուր կապերի բնույթից։

Առողջություն բոլորիս»։