Հիշո՞ւմ եք տարիներից հայտնի նախընտրական ասֆալտապատման ժամանակները։ Երբ մոտենում էին ընտրությունները, թեկնածուները կամ իշխանությունը սկսում էի ասֆալտապատել իրենց ընտրողների թաղամասերը, փողոցները։

Հանրությունը նույնիսկ կատակում էր՝ ասելով՝ երբ պիտի գան ընտրությունները, որ մեր փողոցն էլ ասֆալտապատվի։ Կամ՝ էս տարի եթե ասֆալտ չանի, ես դրան չեմ ընտրելու։

Իսկ ի՞նչ է կատարվում այսօր։

Իմ համոզմամբ առնվազն արժեհամակարգային իմաստով ոչինչ չի փոխվել։ «Նախընտրական ասֆալտապատում» օպերացիայի ընթացակարգերը գուցե փոխվել են, բայց արժեքների փոփոխություն տեղի չի ունեցել։

Վարչապետը նախ մեքենայից ուղիղ ֆեյսբուքյան եթերով խոսում է «ԱՅՈ»-ի ցանցային քարոզչության ֆլեշմոբից, իսկ հաջորդ եթերում, շատ չանցած, նույն աղբյուրով ցույց է տալիս, թե իր վարչապետության ընթացքում ինչքան հաջողված ասֆալտապատում է իրականացվել։ Այնուհետեւ քարոզչական բուկլետների բաժանման ուղիղ եթերին ենք ականատես լինում։

Նախկինում «Նախընտրական ասֆալտապատում» օպերացիայով հաղթող էին այն թեկնածուները, որոնք հարուստ էին, ունեին այնքան փող, որ կարող էին 4 կամ 5 տարին մեկ անձնական միջոցներով (կամ գողացված) իրականացնել լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ, այդպիսով ունենալ մեծ առավելություն մրցակիցներից։

Այսօր ի պաշտոնե վարչապետը կարող է պետական միջոցների հաշվին իրականացնել ասֆալտապատում եւ նախընտրական շրջանում այդ աշխատանքը (որն, ի դեպ, պարտավոր է անել) հրամցնել քարոզչական նպատակներով՝ դրանով ակնհայտ անհավասար պայմաններ ստեղծելով «Ո՛Չ» կողմի համար եւ այդպիսով ունենալով մեծ առավելություն մրցակիցներից։

Իսկ այդ դեպքում ո՞րն է ձեր ու նախկինների տարբերությունը։

Որոշ մարդիկ ինձ կհակադարձեն՝ ասելով, թե բա՝ նախկինում այդպես չէի՞ն անում։ Պատասխանում եմ. անում էին, շատ ավելի վատ բաներ էլ էին անում, հիմա էլ նորե՞րն անեն։

Հենց այսպիսի երեւույթներից ելնելով եմ պնդում, որ արժեքային փոփոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ հեղափոխությունը պարզապես բառ է, որն օգտագործվում է։ Տեղի է ունեցել պարզ արտահերթ իշխանափոխություն։

Իսկ իրական հեղափոխությունը մեզ համար անհրաժեշտություն է...