ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ, ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին, թե մեր արտգործնախարարությունը տեղյակ եղե՞լ է, որ հանդիպում է կայանալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Թուրքիայի արտգործնախարարի միջև, և արդյոք մեր արտաքին գերատեսչությունը տեղյա՞կ է, թե ինչի մասին են խոսել և ի՞նչ են քննարկել կողմերը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես նշել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց աշխատանքային պլանն ունեն, որը հանդիպումներ է ներառում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումները նորություն չեն, և դրանցում արտառոց որևէ բան չկա: Դրանք պլանային հանդիպումներ են, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացնում են իրենց լիազորությունները»:

Մնացականյանի պատասխանը մի շարք հարցեր է առաջացնում: Եթե այս հանդիպումը համանախագահների նախաձեռնությունն է՝ որևէ բան տեղեկացնելու Մինսկի խմբի անդամ երկրներին, ապա ինչո՞վ է բացատրվում այն, որ այդ նախաձեռնությունը կիրառվել է միայն Թուրքիայի պարագայում: Ինչո՞ւ նման հանդիպում չի կազմակերպվել նաև Մինսկի խմբի մյուս անդամ երկրների հետ:

Տվյալ կառույցի անդամ երկրների հետ որևէ քննարկում իրականացնելու և որևէ հարցի վերաբերյալ ինչ-որ բան տեղեկացնելու համար կարող էր կիրառվել միասնական ձևաչափ: Համենայն դեպս, նախկինում այդպիսի ձևաչափով հանդիպումներ բազմաթիվ անգամ եղել են:

Լավ, եթե անգամ ընդունենք, որ ՄԽ համանախագահներն այս անգամ որոշել են այդ նախաձեռնությունն առանձին այցերի ձևաչափով կազմակերպել, ապա անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ հենց Թուրքիան, և ինչո՞ւ հենց այն ժամանակ, երբ վերջինս առավել, քան երբևէ, ի շահ Ադրբեջանի փորձում է իր դերակատարությունն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Վերջին հաշվով, եթե անգամ ընդունենք, որ այս հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի նախաձեռնությամբ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էթիկայի կանոններից ելնելով են հանդիպման առաջարկն ընդունել, միևնույն է, դա ոչ մի կերպ չի մեղմում ՀՀ իշխանությունների անլուրջ պահվածքը, քանի որ նույնիսկ այդ դեպքում վերջիններս տարբեր կանխարգելիչ գործողությունների պետք է դիմեին:

Հ.Գ. ՀՀ իշխանությունները գոնե հիմա պետք է զգոնություն ցուցաբերեն ու անեն ամեն հնարավորը, որ հետագայում նման ձեռագիրը բացառվի: Միայն թվիթերյան գրառումները, այն էլ՝ նմանատիպ բովանդակությամբ, հակազդման քայլ չեն կարող դիտարկվել…